ԱլԳ քաղհասարակության ֆորումը դատապարտել է Երևանում ցուցարարների դեմ անօրինական գործողությունները

12:07 • 25.06.15

«Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն հանդես է եկել Հայաստանում խաղաղ ցուցարարների հանդեպ իրականացված ոստիկանական գործողությունները դատապարտող հայտարարությամբ: Այդ մասին tert.am-ը տեղեկանում է ֆորումի պաշտոնական կայքից:

 

Կոմիտեն խստորեն դատապարտել է Հայաստանի իշխանությունների անօրինական գործողությունները և պահանջում է անմիջապես դադարեցնել բոլոր տեսակի հետապնդումները Հայաստանի քաղաքացիների հանդեպ, ովքեր գործում են Հայաստանի սահմանադրության շրջանակներում:

 

Կոմիտեն հիշեցնում է, որ հունիսի 23-ին Հայաստանի ոստիկանությունն ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, մոտ 240 ցուցարար բերման է ենթարկվել ոստիկանության կողմից: Քաղաքացիական ազատությունների լուրջ և աղաղակող խախտումներ են գրանցվել բերման ենթարկելու ժամանակ: Մարդիկ պահվել են ոստիկանական բաժանմունքներում ավելի քան 12 ժամ, և շատերը դեռ կալանքի տակ են։ Ոստիկանները ոստիկանական գործողության ընթացքում մի շարք լրագրողների տեսախցիկներ են կոտրել և/կամ հափշտակել: Մոտ 25 ցուցարար է հոսպիտալացվել։

 

Հայաստանի իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների դեմ ագրեսիայի գործողությունը ցույց է տալիս հասարակության հետ փոխազդելու, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու իշխանությունների բացարձակ անկարողությունը կամ կամքի բացակայությունը: Ցուցարարների վրա դաժան հարձակումները հակասում են Եվրամիության հետ հարաբերությունների ձևաչափում Հայաստանի ստանձնած բոլոր պարտավորություններին:

 

«Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեն պահանջում է Հայաստանի իշխանություններից պատասխանատվության ենթարկել այս անօրինական գործողությունների կազմակերպիչներին և կատարողներին: Ղեկավար կոմիտեն կոչ է անում Եվրամիությանը Հայաստանի իշխանությունների անընդունելի պահվածքին վերաբերել որպես Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության համար արդյունավետ երկխոսության առումով կարևոր խոչընդոտ: