Երբ ակցիան վերածվեց նստացույցի, ես ինձ բարոյապես թույլ չէի տա բացակայել այնտեղից. Գագիկ Գինոսյան
Ես միտինգային, հեղափոխական տեսակ չեմ, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ մարդ պետք է լինի այնտեղ, որտեղ խնդիր կա ազգի համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի ժամանակ իրեն բերման ենթարկելուն:
«Երբ ակցիան վերածվեց մշտական նստացույցի, ես ինձ բարոյապես թույլ չէի տա բացակայել այնտեղից, որովհետև իմ սաներից շատերը գտնվում էին այնտեղ»,- ասաց նա և նշեց, որ պայքարողները պարալիզացրել են գլխավոր պողոտան, որպեսզի ապապարալիզացնեն Հայաստանի տնտեսությունը:
Գագիկ Գինոսյանը պատմեց, որ ամենավատը սկսվեց ցուցարարներին ցրելուց հետ, և երբ թրջված մարդիկ փորձում էին հասկանալ, թե ովքեր են վնասվել, ինչ է տեղի ունեցել, ով օգնության կարիք ունի:
«Երբ մոտենում էի իմ մեքենային լսեցի մեներգչուհի, մեր խմբի անձանցից մեկի՝ Սոնա Ենգիբարյանի օգնություն խնդրող աղիողորմ ձայնը: Երբ շրջվեցի տեսա հսկա, հաղթանդամ տղաները նրա ձեռքրը ոլորել ու փորձում էին խցկել մեքենան, մինչդեռ նա դիմադրություն ցույց չէր տալիս: Մինչ հիմա նրա աջ ոտքը կապտած է, որովհետև հարվածել էին: Մոտեցա, փորձեցի համոզել, որ նրա ձեռքերը բաց թողնեն, նրանցից մեկը՝ անմարդկային կերպարանքով, ասաց՝ կանդալեք դրան և տարեք: Իմ ձեռքերը ոլորեցին ու տարան, թեև չէի ընդդիմանում, սակայն գլուխս թեթև հարվածեցին մեքենային, որ չդիմադրեմ, ոտքերիս խփեցին և ձախ ոտքս մինչ հիմա ցավում է»,- ասաց նա և նշեց, որ թեև ամբողջ ճանապարհին հարցրել է, թե ովքեր են իրեն բերման ենթարկողները, սակայն պատասխան չի հնչել:
«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ շատ կարևորեց մարդկանց բարոյական հատկանիշները, որոնք այս ընթացքում ակնառու դարձան: «Բարոյական հատկանիշներ ունեցող մարդիկ ունենալով, շատ արագ կարող ենք հզոր երկիր ստեղծել տարածաշրջանում: Այս բարոյական վերելքը փորձենք ուժ սարքել»,-ասաց նա և նշեց, որ մեզ համար առաջին խնդիրը համախմբվելն է, ստեղծել կառույցներ, միություններ:
«Ինստիգեյթ» (Instigate) ծրագրավորման ընկերության գլխավոր ինժեներ Վահագն Պողոսյանն ասաց, որ շարժմանը պրոֆեսիոնալ իրավաբանական, տնտեսագիտական մասնակցության անհրաժեշտություն է տեսնում: Նա նկատեց, որ այսօր պայքարող երեխաները անկախ Հայաստանում ծնված սերունդն է, որը տեսակ չի փոխել:
Ինչ վերաբերում է հնարավոր բանակցություններին, ապա Գագիկ Գինոսյանն ասաց, որ պահանջը հստակ է և բանակցություններ կարող են լինել սակագնի բարձրացման որոշումը կասեցվելուց հետո, թեկուզ ժամանակավորապես:










