Երկրորդ ուժգին պայթյունն է որոտացել Քոբանիի մոտակայքում գտնվող անցակետի մոտ
Թուրք-սիրիական սահմանին Քոբանի բնակավայրի մոտակայքում գտնվող անցակետի մոտ երկրորդ ուժգին պայթյունն է որոտացել: Դա տեղի է ունեցել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների գրոհից հետո, հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնին:
Իրավապաշտպանների տվյալներով՝ ահաբեկիչները պայթեցրել են պայթուցիկով համալրված հերթական մեքենան: Զոհերի մասին տվյալներ դեռ չկան։
Ավելի վաղ քրդական «Ֆիրաթ» գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիայի հետ սահմանին առաջին ահաբեկչությունից հետո ԻՊ-ի գրոհայինները սկսել են գրոհել քաղաքը՝ նախապես քաղաքի բնակելի զանգվածները ենթարկելով զանգվածային ռմբակոծման: Հաղորդվել է 12-ից մինչև 15 մարդու մահվան, ինչպես նաև՝ առնվազն 70 վիրավորի մասին:
Գործակալությունը, վկայակոչելով ինքնապաշտպանության քրդական ուժերին, հայտնել է, որ Քոբանիի վրա հարձակված ջոկատները եկել են Թուրքիայի տարածքից։
Թուրքիայի իշխանությունները, սակայն, հերքել են իրենց տարածքից ԻՊ-ի գրոհայինների անցնելու մասին տեղեկությունը՝ հավելելով, որ ահաբեկչական առաջատար ջոկատներն ուղևորվել են Քոբանի սահմանամերձ Ջարբլյուս քաղաքից, ուր ավելի վաղ ժամանել են հարևան շրջաններից:










