Նման ոճը որևէ հաջողության չի բերելու. վարչապետը ակտիվիստների մասին
Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 2015թ-ին ՀՀ ոստիկանության կարգապահական կազմում ընդգրկել ևս 5 հասարակական գործչի։ Այս առիթով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այս հարցը քննարկման օրակարգում էր այն ժամանակ, երբ Բաղրամյան փողոցում դեռևս չէին սկսվել ակցիաները։ Սակայն, ըստ նրա, ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատանքներն այս օրերին ավելի ակտուալ են դառնում։
«Այս մարմնի նպատակը մեկն է՝ հավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանմանը ներգրավված ոստիկանության ծառայողերի կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ իրականացնել ծառայողական քննություն, որոշել նրանց գործողությունների իրավաչափությունը»,- ասաց նա։
Վարչապետն ընդգծեց, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան փողոցում ոստիկանական ստորաբաժանումների գործողություները հասարակության և միջազգային գործընկերների կողմից որոշակի արձագանք են գտել։
«Ոստիկանությունը հայտարարել էլ, որ մի շարք դեպքերով ծառայողական քննություններ են սկսվել։ Այս տեսանկյունից կարգապահական հանձնաժողովը ևս անելիք ունի։ Բացի արդյունավետ աշխատանքից, հանրությունը ակնկալում է օբյեկտիվ ու թափանցիկ աշխատանք»,- ասաց նա։
Վարչապետը դիմեց Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիա իրականացնող քաղաքացիներին։
«Նման ոճը որևէ հաջողության չի բերելու, առաջարկում եմ լինել կառուցողական և կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց, որ բարձրացվում է իրենց կողմից։ Փակելով կենտրոնական փողոցներից մեկը և խաթարելով մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը, խախտում են Սահմանադրությունը։ Կոչ եմ անում քաղաքացիներին, վերադառնալ կառուցողական դաշտ ու միասին քննարկել բոլոր խնդիրները»,- ասաց նա։










