ՖԻՖԱ-ն հաստատել է Բլատերի խոսքերն այն մասին, որ նա հրաժարական չի տվել
ՖԻՖԱ-ն շվեյցարական Blick թերթին հաստատել է կառույցի նախագահ Յոզեֆ Բլատերի ասած խոսքերի ճշմարտացիությունը: Բլատերը հայտարարել էր, որ նա հրաժարական չի տվել կազմակերպության ղեկավարի պաշտոնից, գրում է ria.ru-ն։
Բլատերը մայիսի 29-ին ՖԻՖԱ-ի կոնգրեսի ժամանակ վերընտրվել է հերթական ժամկետով, սակայն չորս օր անց հայտարարել էր հրաժարական տալու մասին: Ուրբաթ օրը ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ Բլատերը հրաժարական չի տվել, այլ վստահել է կազմակերպության ղեկավարի ապագան որոշել ՖԻՖԱ-ի կոնգրեսին:
«Ձեր հարցման համաձայն՝ մենք կարող ենք հաստատել, որ Բլատերի ձևակերպումները, ցիտատները, որոնք բերվել են Blick թերթում, հստակ են»,- հայտարարել է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Մայիսի 27-ին Ցյուրիխում կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել է ՖԻՖԱ-ի յոթ բարձրաստիճան պաշտոնյա, ինչից հետո սկսվել է միջազգային հետաքննություն: Բացի շվեյցարական ոստիկանությունից, կազմակերպությունում կոռուպցիայի փաստերի հետաքննությունը վարում է նաև ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոն։










