Սևանում ՃՏՊ-ից կոտրվածքներ ստացած 39-ամյա հղի կինը բժիշկների օգնությամբ բարեհաջող ծննդաբերել է

22:03 • 26.06.15

39-ամյա Սուսաննայի համար առաջնեկի ծնունդը վտանգվել է հունիսի 21-ին Երևան-Սևան մայրուղում վթարի ենթարկվելուց հետո։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ձեռնարկված հրատապ և ճշգրիտ որոշումների շնորհիվ նորածին Մարիայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։


Սևանի բժշկական կենտրոնից անմիջապես կապվել են ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանի հետ։


Շտապբուժօգնության մեքենայով, բժշկի ուղեկցությամբ արագ կազմակերպվել է հղիի տեղափոխումը Երևան։ Մինչ այդ ինստիտուտ է հրավիրվել վնասվածքաբան։ 33-34 շաբաթական հղին վթարի հետևանքով ստացել է աջ ազդրի բազմաբեկորային կոտրվածք, սալջարդեր և հեմատոմաներ։  Տեղի է ունեցել ընկերքի անջատում և պտղի սուր շնչարգելություն։


Հենց ընդունարանից Սուսաննային տեղափոխել են վիրահատարան։ Կեսարյան հատումով հաջողվել է նախ փրկել փոքրիկի կյանքը։


Ծնվել է 1800 գր քաշով աղջիկ։ Այնուհետև կատարվել է ստորին վերջույթի լոնգետային ամրացում։ Մոր և երեխայի վիճակը մասնագետները գնահատում են բավարար։