Իրավիճակը վերահսկելի է և անցած տարվա համեմատ ինֆեկցիոն վարակների առանձնակի աճ չկա. Նունե Բակունց
Անհանգստանալու կարիք չկա՝ Հայաստանում համաճարակային իրավիճակ չունենք, անգամ բռնկման մասին խոսք լինել չի կարող: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսօր հավաստիացրեց ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը` նշելով, որ համաճարակի օրինակ է էբոլան, որը տարածված էր մի քանի երկրներում:
«Ամեն եղանակին բնորոշ հիվանդություններ կան՝ կապված սեզոնային վիրուսների հետ: Ամառային տաք սեզոնին բնորոշ են աղիքային ինֆեկցիաները, որոնց հարուցիչներն այս եղանակին ավելի լավ են զարգանում»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ Հայաստանի տարբեր շրջաններում կան ինֆեկցիոն հիվանդությունների դեպքեր, այդ թվում և Արմավիրում:
Նունե Բակունցն ասաց, որ Արմավիրի մասին շատ է խոսվում, քանի որ այնտեղ երեխայի մահացության դեպք եղավ:
«Ես չեմ կարող խոսել կոնկրետ այս մահվան դեպքի մասին, քանի որ քննություն է ընթանում, պարզապես կարող եմ խորհուրդ տալ, որ սրտխառնոց, փսխում, լուծ ունենալու դեպքում՝ լինի փոքր երեխա, թե հասակով մարդ, դիմեն բժշկի: Ես չեմ կարող ասել, թե ինչ հարուցիչներ են մահվան բերում, քանի որ շատ բան անձի իմունիտետից է կախված»,- նշեց Նունե Բակունցը:
Մասնագետը խորհուրդ տվեց շատ ավելի ուշադիր լինել սննդամթերքի պահպանման ժամկետների նկատմամբ, խուսափել արագ սննդից, գնել այնպիսի միրգ և բանջարեղեն, որոնց վրա չկան վնասվածքներ:
«Պետք է մանրակրկտորեն, հոսող ջրի տակ լվանալ ջերմային մշակման սննդամթերքը, ձեռքերի հիգիենային շատ ուշադիր լինել, կիսաեփ չթողնել ուտելիքը»,- հորդորեց մասնագետը՝ միաժամանակ ընդգծելով, որ իրավիճակը վերահսկելի է և անցած տարվա համեմատ ինֆեկցիոն վարակների առանձնակի աճ չկա:
«Դեպքերի թիվն անցած տարվա համեմատ աճել է 1,06 անգամ, և մենք չունենք այդպիսի տվյալներ, որ ինֆեկցիոն հիվանդանոցները լցված են հիվանդներով»,- ասաց մասնագետը՝ քաղաքացիներին հորդորելով իրենց երեխաներին թույլ չտալ լողանալ դեկորատիվ ջրավազաններում, քանի որ դրանք նախատեսված չեն այդ նպատակի համար և դրանցում պահպանված չեն անվտանգության, տարրական հիգիենայի պայմանները:










