Եվրոխումբը Հունաստանի հարցով վճռորոշ հանդիպում կանցկացնի
Եվրոխումբը՝ եվրոգոտու ֆինանսների նախարարների խորհուրդը, կանցկացնի Հունաստանի պարտքի հարցով վերջին և վճռորոշ հանդիպումը։
Սա արդեն կլինի չորրորդ չծրագրված հանդիպումը շաբաթվա սկզբից և, հավանաբար, վերջինը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Աթենքին և «եռյակին» (Եվրահանձնաժողով, Եվրոպական կենտրոնական բանկ և Արժույթի միջազգային հիմնադրամ) անհրաժեշտ է վերջնական համաձայնության գալ մինչև հունիսի 30-ը։
Հունիսի 30-ն Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած 1,6 միլիարդ եվրո վարկը մարելու վերջնաժամկետն է։
Հակառակ դեպքում, հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը չի հապաղի և ամեն պահ կարող է այդ մասին պաշտոնապես տեղեկացնել տնօրենների խորհրդին։ Ի վերջո, ամենավերջին պատժամիջոցը վարկը չմարելու դեպքում եվրոգոտուց Հունաստանի դուրս գալն է։
Հիշեցնենք, որ հունիսի 25-26-ը Բրյուսելում կայացել է եվրոգոտու գագաթաժողովը, որի ժամանակ Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները քննարկել են Հունաստանի հարցը, սակայն հաջողության հասնել չի հաջողվել։










