Բոլոր նրանք ովքեր «հանձնել են արյուն ու նվիրել կյանք», ստացել են «ԲԻ 2» խմբի համերգի տոմս
«Հանձնիր արյուն, նվիրիր կյանք» ակցիայի շրջանակներում արյուն հանձնած ավելի քան 190 մարդիկ արդեն իսկ օգնել են արյան հիվանդությամբ տառապող շուրջ 80 երեխաների։ Մայիսից մեկնարկած ակցիան ավարտվեց, բայց ինչպես հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը ցանկացած մարդ ուղղակի պարտավոր է հանձնել արյուն ու օգնել մյուսներին։
«Ակցիան իր տեսակի բովանդակության մեջ աննախադեպ է, որովհետև առաջին անգամ կազմակերպվեց արյունատվություն, որի մասնակիցները աշխատանքային խմբեր էին, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ էին։ Շնորհակալություն բոլորին, ովքեր ականջալուր եղան և հանձնեցին արյուն»,- ասաց նա։
Նշենք, որ ակցիային միացել է «Բի 2» ռուսական ռոք խումբը, որը մի քանի ամիս շարունակ կոչ էր անում հանձնել արյուն, նվիրել կյանք ու ստանալ այսօր Երևանում կայանալիք համերգին։ Ակցիայի միացել էին և արյուն էին հանձնել նաև «Յուքոմ» ընկերությունը, ռադիո «Վանը»։
«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ ակցիան սկսելիս գիտակցում էին, որ երկրում արյան պակաս կա, սակայն անհրաժեշտ է օգնել արյան հիվանդություն ունեցող երեխաներին։
«Մեր անձնակազմով փորձել ենք ցույց տալ, որ մեր խնդիրները կարող ենք ինքներս լուծել և պետք չէ խնդրել օտարներին։ Հույս ունենք, որ կփրկենք բազմաթիվ կյանքեր, ակցիան շարունակական կլինի։ Արյուն հանձնելը ոչ թե լավ գործ է, այլ պարտադիր պայման է, քանի որ մենք օգնում ենք մեր երեխաներին»,- ասաց նա։
Ռադիո «Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանը նշեց, որ արյունը ամենաքիչ բաներից է, որ ոչ կարելի է գնել, ոչ էլ՝ վաճառել։
«Արյան պակասը ինքներս պետք է լրացնենք։ Մեզ պետք է երիտասարդ ամուր երեխաներ։ Բոլորին հորդորում եմ արյուն հանձնել ու օգնել մյուսներին։ Արյուն հանձնելիս ինքնազգացողությունդ փոխվում է ու հասկանում ես, որ օգնում ես ինչ-որ մեկին»,- ասաց նա։
«Բի 2» խմբի տնօրեն Իգոր Դանիլկինը նշեց, որ գիշերն են ժամանել Հայաստան և խմբի տղաները հանգստանում են, որ պատրաստվեն համերգին և հենց այդ պատճառով էլ միայն ինքն էր ներկայացել ասուլիսին։ Վերջինս շնորհակալություն հայտնեց բոլորին կազմակերպված ակցիայի համար։










