«Իսլամական պետությունն» արդեն անդամներ է հավաքագրում Չեխիայի տարածքում. նախագահ Միլոշ Զեման

12:04 • 27.06.15

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը չեխ քաղաքացիների է հավաքագրում, գրում է RT.com-ը։

 

Զեմանը մանրամասնել է, որ հավաքագրման կետ է դարձել երկրի մզկիթներից մեկը։

 

«Երկրում արդեն տեղի է ունենում «Իսլամական պետություն» խմբավորման անդամների հավաքագրում։ Առայժմ դա արվում է սահմանափակ քանակությամբ։ Խոսքը հատուկենտ դեպքերի մասին է»,- Զեմանին մեջբերում է կայքը։

 

Նախագահը նաև նշել է, որ բոլոր նրանք, ովքեր անդամագրվել են խմբավորմանը, արդեն մեկնել են Սիրիա։

 

Նշենք, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը զգալի տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում, նաև «խալիֆայություն» հռչակել։ Նախօրեին Քուվեյթում և Թունիսում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը։