Կիևում վաճառքի հանված Սաակաշվիլիի «բնակարանում» իրականում ապրել է Ավստրիայի դեսպանը
Ուկրաինական լրատվամիջոցները տարածել էին տեղեկություն, որ Կիևում 1.2 մլն դոլարով վաճառվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի շքեղ բնակարանը։
Սակայն լուրերն իրականությանը չեն համապատասխանում. Սաակաշվիլին երբեք չի ապրել այդ բնակարանում, գրում է Комсомольская правда-ն։
Այդ բնակարանը վերջին 3 տարվա ընթացքում վարձակալել է Ավստրիայի դեսպանատունը, 1 տարի այդտեղ ապրել է անձամբ դեսպանը, իսկ հետո ռազմական կցորդը։ Նրանցից հետո տանտիրուհին վերանորոգել է պենտհաուսը, և մի քանի ամիս այն չի բնակեցվել։
«Սաակաշվիլիի համար մի որոշ ժամանակ բնակարան են վարձակալել հարևան շենքում, որն անմիջապես հարում է այդ շենքին։ Նա շատ հաճախ հյուրանոցում է մնացել»,- նշել է բնակարանի վաճառքով զբաղվող աշխատակիցը։
Ի դեպ, կիևյան բնակարանը, որտեղ ապրել է դեսպանը, արդեն վարձակալել են։










