Ամեն ինչ անելու ենք, որ էներգետիկ անվտանգությունն էլ ավելի անվտանգ ու կայուն լինի. Է. Շարմազանով

00:13 • 27.06.15

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ հերթական նիստը, որը տևեց մի քանի ժամ: ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ քննարկվել են շատ կարևոր հարցեր, եղել են ներքաղաքական հարցերի շուրջ,  էներգետիկ անվտանգության վերաբերյալ քննարկումներ:


«Էներգետիկ  անվտանգության հարցերը բավականաչափ կարևոր  են ՀՀ իշխանությունների համար, և սա պրոցեսի ոչ թե ավարտ է, այլ սկիզբ  է։ Ամեն ինչ անելու ենք, որ էներգետիկ անվտանգությունն էլ ավելի անվտանգ ու կայուն լինի»,-ասաց նա:

 

Նա նշեց, որ նիստին եղել են կարծիքներ, որ պետք է առողջացվի էներգետիկ համակարգը:

 

«Կառավարության ներկայացրած թվերը օբյեկտիվ են, սակայն սա չի նշանակում, որ այլ ճանապարհներ չպետք է փնտրել»,-ասաց նա և նշեց, որ ամեն ինչ անելու են, որ որոշումները  ընկալելի լինեն հանրության համար:

 

«Չեմ ցանկանում տպավորություն ստեղծվի, որ 7 դրամը օդից է ընկել, դա օբյեկտիվ հաշվարկների արդյունք է»,-ասաց նա:


«Որևէ մեկս չենք ցանկանում թանկացում, որևէ մեկը կողմնակից չէ դրան, խնդիրը գլոբալ է: Կառավարությունը ներկայացրել է իր կարծիքը, և ցանկանում եմ  վերահաստատել, որ այդ 7 դրամի մեջ ներառված չեն չարաշահումները: Պետք  է բնականաբար ամեն ինչ անել, որ այս խնդիրը  լուծվի։ Սա մեկ, երկու, երեք օրվա հարց չէ»,-ասաց նա և նշեց, որ իրենք շատ հարգալից են վերաբերում խաղաղ ելույթներին, ցույցերին:

 

«Այնտեղ մեր քույրերը և եղբայրներն են, բարձր ենք գնահատում ոստիկանության և քաղաքացիների՝ փոխադարձ ըմբռնումով իրականացվող քայլերը»,-ասաց նա և հղում կատարեց ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, ըստ որի՝ նա ևս բարձր է գնահատում ոստիկանություն աշխատանքը, և որ բերման ենթարկվածները ազատ արձակվեցին:

 

Ըստ նրա՝ այսօր մեր քաղաքացիները և ոստիկանությունը փոխադարձ հարգանքի մթնոլորտում են իրենց քայլերը իրականացնում:


Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ ըմբռնումով են մոտենում քաղաքացիների դժգոհություններին: 


Հարցին, թե հիմա աուդիտի ընթացքում կասեցվելո՞ւ է սակագնի բարձրացման որոշումը, նա պատասխանեց. «Ես չեմ այն պաշտոնյան, որը պետք է այդ մասին հայտարարի: Մենք բոլորս մի նավի վրա ենք այնտեղ մեր քույրերը, եղբայրերն են, մայրերը, մեր երեխաներն են, այստեղ չկան մերոնք և ձերոնք, բոլորը մերոնք են»,-ասաց նա և նշեց, որ ոստիկանությունը ցույց է տվել, որ բարյացակամ է քաղաքացիների խաղաղ ցույցերի նկատմամբ:

 

«Այստեղ պետք է սողոմոնյան որոշում լինի,  խնդիրը ավելի խորն է, քան կա»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ որոշակիություն այդպես էլ չեղավ նրա ասածներից, պարոն Շարմազանովն ասաց. «Ես ասացի այն, ինչ ասացի»։

 

Բողոքի ցույցի վերաբերյալ Շարմազանովն ասաց, որ այնտեղ քաղաքական պայքար, պահանջներ չի տեսնում: Նա որևէ աղերս չի տեսնում այս գործընթացների և Մայդանի միջև:


«Սա մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքարն է»,-ասաց նա և կոչ արեց արհեստականորեն չբաժանել քաղաքացիներին և իշխանություններին: