ԱՄՆ-ում թոշակառու կնոջը դատել են թմրավաճառների թունելը թաքցնելու համար

13:20 • 27.06.15

Կալիֆոռնիայում (ԱՄՆ) 74-ամյա կնոջը դատապարտել են պայմանական ազատազրկման պահեստ վարձակալելու համար, որը թաքցրել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև թունելը։

 

Թունելը կառուցել էին թմրանյութերի վաճառքով զբաղվող հանցագործները, գրում է ria.ru-ն։

 

Չուլա Վիստա քաղաքում բնակվող թոշակառու Գլենդիս Ռոդրիգեսը հետևել և խնամել է թմրավաճառների թունելի մուտքը թաքցնող պահեստը, որով հանցագործները թմրանյութեր են տեղափոխել։

 

Կնոջ փաստաբանը պնդել է, որ անցյալ տարի ապրիլին ձերբակալված կինն իրականում տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվում իր կողմից վարձակալած պահեստում։

 

Դատավորը, հաշվի առնելով կնոջ տարիքը, թոռներ ունենալու փաստը, նրա վատառողջ լինելը, ինչպես նաև հարևանների և ծանոթների շրջանում բարի համբավը, նրա նկատմամբ սահմանված պատիժը մեղմել է՝ դատապարտելով 5 տարվա պայմանական ազատազրկման և 1500 դոլար տուգանքի։

 

500 մետր երկարությամբ թունելը, որը միացրել է ԱՄՆ-ի Չուլա Վիստա քաղաքը Մեքսիկայի Տիխուանա քաղաքի հետ, հայտնաբերվել է 2014-ին։