«Նիստում ներկայացրել եմ նաիրիտցիների` ակցիայում հնչեցված մոտեցումները». Գորիկ Հակոբյան
ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը մեկնաբանելով այսօր կառավարության նիստի ժամանակ իր հայտարարությունը, թե մարդիկ չեն վստահում գործող իշխանություններին, ասել է, որ նիստի ժամանակ ինքը ներկայացրել է նախորդ օրերին «Նաիրիտ գործարանի» աշխատակիցների հնչեցրած մոտեցումները։
«Կառավարության նիստում հակիրճ տեղեկատվություն ներկայացրեցի նախորդ օրերին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կազմակերպած ակցիաների մասին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է նա:
Հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ կառավարության նիստում խոսում էր այն մասին, որ մարդիկ իշխանության նկատմամբ անվստահություն ունեն, Գորիկ Հակոբյանը նշել է. «Կառավարության նիստում ներկայացրել եմ այն մոտեցումները, որոնք նախորդ օրերին անցկացված ակցիաների ժամանակ հնչեցրել են գործարանի աշխատակիցները: Կրկնում եմ՝ ես ընդամենը ինֆորմացիա եմ տվել»:
Նրա խոսքով, այս պահին ամենակարևորն այն է, որ տարիներ ի վեր կուտակված խնդիրները լուծման փուլում են և վերջապես մարդիկ կստանան իրենց հասանելիք գումարները և անվստահության մթնոլորտը, որն առկա էր ակցիաների ժամանակ վերջապես կփոխվի:










