Բելգիայի Ներկայացուցիչների պալատն այսօր կքննարկի Հայոց ցեղասպանության բանաձևը

16:40 • 22.07.15

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 22-ի լիագումար նիստում կքննարկի Հայոց ցեղասպանության բանաձևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայ դատի Բելգիայի հանձնախումբը՝ իր պաշտոնական կայքում:

 

Լիագումար նիստը սկսվել է Բելգիայի ժամանակով 14:15-ին, և Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումն օրակարգում ութերորդ հարցն է:

 

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 7-ին կողմ է քվեարկել Բելգիայի կառավարության` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին` այն փոխանցելով Ներկայացուցիչների պալատի քննարկմանը:

 

Բանաձևը, որի հեղինակն է «Ֆլամանդական նոր դաշինքը» (N-VA) կոալիցիոն կուսակցության անդամ, պատգամավոր Փիթեր դե Ռուվերը, կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հաշտեցնել հայ և թուրք ժողովուրդներին` «համընդհանուր պայծառ ապագայի հույսով»:
 

Բելգիայի կառավարությունից բացի, Հայոց ցեղասպանության բանաձևերի նախագծեր էին ներկայացրել նաև ընդդիմադիր երեք կուսակցությունները, որոնք սակայն չընդունվեցին:  Ավելի ուշ՝  հուլիսի 16-ին, Հայ դատի Բելգիայի հանձնախումբը և Բելգիայի ասորական դաշնությունը մտահոգություն են հայտնել այդ երկրի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի մի քանի կետերի վերաբերյալ:

 

Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բելգիայի խորհրդարանն 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել Վերին պալատի (Սենատի)մակարդակով: