Այսօր Սբ Աստվածածնի Վերափոխման տոնն է

10:00 • 16.08.15

Այսօր տոնվում Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Սբ Աստվածածնի վերափոխումը, որը ժողովրդի մոտ ավելի լայն տարածում ունի Խաղողօրհնեք անվանումով: Սա Տիրամորը նվիրված տոներից մեկն է, որը համարվում է ամենահինը:

Tert.am-ը ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանի հետ զրուցել է տարիների ընթացքում տոնի վերափոխման և դրա ընկալումների մասին։ Նրա խոսքով՝ Խաղողօրհնեքը դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում ամառային ուրախ, ժողովրդական տոներից էր:

«Աստվածություններին մրգեր նվիրելը հնագույն սովորույթ է: Դեռևս պատմիչ Ագաթանգեղոսը նշում էր, որ Անահիտ աստվածուհուն նվիրված տոնակատարությունների ժամանակ սովորություն կար նրա արձանի մոտ թարմ ոստեր, բուսականություն ու մրգեր բերել»,-ասաց նա:

Ազգագրագետը նշեց, որ Աստվածածնի վերափոխման տոնը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, սիրված է, սակայն այլևս մեծ շուքով ու իր ողջ շքեղությամբ չի նշվում:

«Հնում հայերը խաղողը սկուտեղի վրա տանում էին եկեղեցի՝ օրհնելու, ժողովուրդը հավատում էր, որ մինչև չօրհնեն չի կարելի գնել, վաճառել կամ ճաշակել, իսկ հիմա մինչև խաղօրհնեքն էլ են ուտում: Հավատում էին, որ խաղողը ուժ է տալիս հատկապես խաղողօրհնեքի արարողությունից հետո: Նրանք հենց եկեղեցում հյուրասիրում էին իրար ու միասին այդ տարի առաջին անգամ ճաշակում էին»,- ասաց նա:

Ինչպես նշեց Արմենուհի Ստեփանյանը, Խաղողօրհնեքը, Վարդավառի նման, այն տոներից է, որը նշում են ոչ թե փակ պատերի ներսում, այլ բաց դաշտերում:

«Հիմնականում այս տոնին գնում էին ուխտագնացության: Հայաստանում ամեն մի համայնք, ուներ իր սիրած ուխտագնացության վայրերը: Պարտադիր չէր, որ լիներ եկեղեցի, կարող էր լինել սուրբ ծառ, աղբյուր, որը ժողովրդական հավատալիքներով կապվում էր ինչ-որ բուժող հատկանիշների հետ: Ուխտագնացության պատրաստվելը ինքնին ուրախություն էր մարդկանց համար, որովհետև զվարճանքի մի ձև էր»,-ասաց նա:

Ազգագրագետը նշեց նաև, որ խաղողօրհնեքին բաց դաշտերում տեղի էին ունենում զանազան խաղեր՝ լարախաղացություն, գունդ ու մականի նետում, ձիավարժություն էին իրականացնում, աղջիկների ու տղաների երգող պարեր խմբեր: «Սա այն առիթն էր, երբ կարող էին աղջիկներն ու տղաները միմյանց հետ շփվել, հավանել իրար, քանի որ մեր կենցաղը թույլ չէր տալիս, որ նրանք հաճախ շփվեին»,-ասաց նա:

Տեր Եսայի քահանա Արթենյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով քրիստոնեական տեսանկյունից տոնի խորհրդի մասին, բացատրեց, որ ավանդության համաձայն, Աստվածամայրը, իր երկրային կյանքն ավարտելուց հետո ննջում է և երրորդ օրը վերափոխվում՝ բարձրանում երկինք:

«Միանալով որդուն, նա դարձել է երկնքում մեր բարեխոսը, ինչպես որ երկրի վրա էր: Քրիստոսի համբարձումից հետո 12 տարի մնաց երկրի վրա և բոլոր հավատացյալները, եթե ուզում էին հոգևոր մխիթարություն ստանալ, հավաքվում էին աստվածամոր շուրջ: Նրա վերափոխմամբ հաստատվում է աստվածային ճշմարտությունը՝ հավիտենական կյանքն ու հոգու փրկությունը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու է տոնին օրհնվում հենց խաղողը, քահանան պատասխանեց, որ Քրիստոս խաղողը հատուկ պատվի է արժանացրել ու համեմատել իրեն որթատունկի հետ՝ ասելով. «Ես եմ որթատունկը և այն ճյուղերը, որոնք կապված են ինձ հետ ու պտուղ են տալիս, ուրեմն նրանք պետք է աստծուց օրհնություն ստանան: Այն ճյուղերը, որոնք պտուղ չեն տալիս, պետք է էտվեն»:

«Սա ցույց է տալիս քրիստոնյայի առաքինությունը: Եթե մենք կապված ենք Քրիստոսի հետ, որից ստանում ենք մեր հոգևոր սնունդը, մեր կյանքը լինում է պտղաբեր ինչպես խաղողի որդը: Նույն խաղողի որդը նույնացվում է նաև աստվածամոր հետ: Ինչպես խաղողից պատրաստվում է գինի ու գինին Քրիստոսի արյունն է խորհրդանշում, այնպես էլ Աստվածամայրը որթատունկ է, որից ծնվեց Քրիստոս, որն իր արյունը տվեց մեր փրկության համար»,- ասաց նա: