ՆԱՏՕ-ՌԴ «հարևանությունը» Կովկասում վկայում է, թե երկու կենտրոններն այն որքան են կարևորում. Ստյոպա Սաֆարյան
Վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադառնալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի առաջին պաշտոնական այցին Վրաստան, որի ժամանակ նա կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնի բացմանը, կանխատեսեց, որ ՌԴ–ն, որը դիտարկում է Հարավային Կովկասը որպես իր բացառիկ ներկայության գոտի, անգամ ոչ ռազմականացված կառույցի՝ ուսումնական կենտրոնի բացմանն արձագանքելու է շատ հիվանդագին:
-Պարո՛ն Սաֆարյան, երեկ տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի առաջին պաշտոնական այցը Վրաստան նախատեսված է, որ Ստոլտենբերգը կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնի բացման արարողությանը: Ձեր կարծիքով՝ այս այցին Ռուսաստան ինչպես կարձագանքի և այն ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի հետագա զարգացումների վրա:
- ՆԱՏՕ-ն, ակնհայտորեն ընդլայնում է իր գործունեությունը իր համար ռազմավարական նշանակության տարածաշրջաններում: Գիտեք՝ բալթյան երկրներում նույնպես ակտիվացավ, այնտեղ նույնպես ուսումնական կենտրոններ բացեցին և Վրաստանը նույնպես նրանց համար կարևորագույն երկրներից է, որովհետև համաձայն Ուելսում ընդունված հայտարարության՝ Վրաստանին տրվեց թիվ մեկ գործընկերոջ կարգավիճակ: Իհարկե, ՆԱՏՕ-ն, մի շարք գործոններից ելնելով, խուսափեց Վրաստանին առաջարկել անդամության գործողությունների ծրագիր, ինչին երկար տարիներ նրանք սպասում էին, անգամ 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովից հետո, բայց, համենայնդեպս, մի կողմից չագրեսիվացնելու համար Ռուսաստանին, մյուս կողմից նկատի ունենալով Վրաստանի տարածքային խնդիրները Ռուսաստանի հետ, ըստ էության, մի փոքր այլ ճանապարհ է ընտրվել: Եվ առյժմ, Վրաստանն ու ՆԱՏՕ-ն շարժվում են այն ուղղությամբ, որ ըստ էության, Վրաստանը կատարելապես համապատասխանի ՆԱՏՕ-ի ստանդարտներին և լինի նրա այսպես ասած՝ առանցքային գործընկերներից մեկը: Ի վերջո, աշխարհում շատ երկրներ կան, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն, բայց չափազանց լուրջ ազդեցություն ունեն ՆԱՏՕ-ում և, ընդհանուր առմամբ, Հյուսիսատլանտյան այդ տարածագոտում անվտանգության ապահովման առումով:
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հետագայում: Թերևս, մեծ մասամբ, կարելի է ուղղակի սպասել ռուսական արձագանք, իսկ Ռուսաստանն, ինչպես նկատում ենք, իր քայլերի մեջ փորձում է ներքաշել իր դաշնակից երկրներին և, թերևս, որոշակի լարվածություն կնկատենք:
-Դուք օգտագործեցիք՝ «չագրեսիվացնել Ռուսաստանին» բառակապակցությունը , ուզում եմ հիշեցնել, որ ավելի վաղ Ստոլտենբերգի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հայտարարել էր, որ Ստոլտենբերգը կոչ է անելու Վրաստանի ղեկավարությանը շարունակել ՌԴ-ի հետ «հարաբերությունների նորմալացման դժվարին պրոցեսը»: Եվ որ «ՆԱՏՕ-ն աջակցում է վրաց-ռուսական երկխոսությունը Աբաշիձե-Կարասին ձևաչափով: Վրաստանի ու ՌԴ-ի միջև երկխոսության այլընտրանք չկա, որպեսզի խուսափեն երկու երկրների միջև հարաբերությունների նոր բարդություններից»: Հենց Ձեր ասածի շրջանակներո՞ւմ է սա:
-Միանշանակ, այսինքն՝ իրենք գիտակցում են, որ ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների խորացումը, ընդլայնումը, ՆԱՏՕ-ի ներկայության ամրապնդումը Հարավային Կովկասում կարող է Ռուսաստանին գրգռել և դա թույլ չտալու համար փորձում են, այսպես ասած, վստահության մթնոլորտ ստեղծել, որի ուղիներից մեկը վրաց–ռուսական հարաբերությունների առնվազն նորմալացման պրոցեսն է, եթե անգամ հավատ չընծայեն դրա արդյունքներին:
- ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի բացմանը կոնկրետ Ռուսաստանն ինչպե՞ս կարձագանքի:
- Դատելով վերջին ամիսներին Ռուսաստանի արձագանքից, սկսած մերձբալթյան երկրներում ՆԱՏՕ-ի զորավարժություններից, վերջացրած նաև այլուր նմանատիպ կենտրոնների բացումով, Ռուսաստանը գտնում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է իրեն շրջափակել տարբեր ուղղություններից: Եվ, հետևաբար, թեկուզ ուսումնական կենտրոնի ներկայությունը Ռուսաստանն ընկալելու է որպես ՆԱՏՕ-ի դիրքերի ամրապնդմանը կամ տարածմանը նպաստող քայլ: Հետևաբար, գիտեք, Ռուսաստանի ազգային անվտանգության հայեցակարգում ՆԱՏՕ-ի ընդլայնումը որակվում է որպես Ռուսաստանի անվտանգությանը սպառնալիք և, հետևաբար, նրա ներկայությունը գոնե Հարավային Կովկասում, Ռուսաստանի կողմից բարեհաճ վերաբերմունքի չի արժանանա:
-ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնն ի՞նչ կարգավիճակ ունի, ասենք՝ ռազմական օբյեկտի կարգավիճակ կամ այլ:
- ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնները ռազմական կառույցներ չեն, բայց դրանք, ընդհանուր առմամբ, պաշտպանական համակարգի մաս են, ենթակառուցվածքներ են, որոնք կոչված են մոդեռնիզացնել Վրաստանի զինված ուժերը, անձնակազմը, վերապատրաստել զինվորականությանը: Եվ այդքանով ինքը չափազանց կարևոր է, և քանի որ Ռուսաստանն ինքն ունի Կովկասի ռուսականացման հեռահար նպատակ, անգամ նման ուսումնական կենտրոնների գոյությունը, բնականաբար, չի ողջունում:
-Հարավային Կովկասում, այս փոքր հատվածում ՀԱՊԿ անդամ Հայաստան-Վրաստան, որն ունի ՆԱՏՕ- ի կենտրոն, այս «հարևանությունը» ինչպե՞ս է համակեցության կանոններ գտնելու։
-Խնդիրը անվտանգության երկու համակարգերի ընդհանուր սահման ունենալու և հարևանության մեջ չէ, և ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը բազմաթիվ արեալներում ունեն ընդհանուր սահմաններ՝ սկսած Բալթյան գոտուց վերջացրած Հարավարևելյան Եվրոպայով և նաև կարող եմ բերել Հայաստանը, որի սահմանակից Թուրքիայի սահմանին կանգնած են ՆԱՏՕ-ական զորքեր: Այսինքն՝ խնդիրը հարևանությունը չէ, այլ այն, որ այնպիսի տարածաշրջան, ինչպիսին Հարավային կովկասն է, մի կողմից կարևորվում է ՆԱՏՕ-ի կողմից որպես ռազմավարական կարևորության տարածաշրջան, մյուս կողմից Ռուսաստանն է այն դիտարկում որպես իր բացառիկ գերակայության դաշտ: Հետևաբար, հենց այսքանով է ՆԱՏՕ-ՀԱՊԿ հարևանության խնդիրը տարածաշրջանում:










