Բոլորին է հայտնի Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման պատկերը. Ա. Հովհաննիսյանը՝ Խադիջա Իսմայիլովայի մասին
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովային 7.5 տարվա ազատազրկման դատապարտելու Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին չի զարմացնում: Tert.am-ի հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանը չբացառեց, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հարցը կարող է կտրուկ դրվել:
«Վստահ եմ, որ միջազգային հանրությունն էլ զարմացած չէ Ադրբեջանի իշխանությունների նման որոշմամբ, որովհետև բոլորին է հայտնի Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման խայտառակ պատկերը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Պատգամավորը նշեց, որ Իսմայիլովան «հերթական կեղծ դատավճռին» է արժանանում՝ մեղադրվելով հարկերից խուսափելու և այլ տնտեսական հանցագործությունների մեջ: Նման մեղադրանքների, Հովհաննիսյանի խոսքով, արժանանում են անգամ ադրբեջանցի փորձագետները: «ԵԽԽՎ պատվիրակներն անգամ հեգնանքով ասում են, որ Ադրբեջանում, նույնիսկ ԵԽԽՎ-ում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի մասին բարձրաձայնողները «շատ պատահականորեն» դատապարտվում են հարկերից խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության, խուլիգանության հոդվածներով»,- նշեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամը:
Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ նմանատիպ դեպքերի առնչությամբ ԵԽԽՎ-ն բազմիցս դատապարտող հայտարարություններ է արել, սակայն, դա որևէ կերպ չի զսպել ադրբեջանական իշխանությունների գործողությունները. «Վերջերս ադրբեջանական փորձագետներից մեկը միջոցառման ժամանակ խոսեց Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին, ինչից հետո մեկ ամիս անց նրա նկատմամբ հարկերից խուսափելու հոդվածով մեղադրանք առաջադրվեց»:
Այսօր Human Rights Watch կազմակերպությունն այս առնչությամբ հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ և կոչ արել զրկել ադրբեջանական պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից: Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ թեև դա բարդ ընթացակարգ է, այնուամենայնիվ, առաջիկա նստաշրջանում իրագործելի:
«Կա մտահոգ պատգամավորների խումբ, որոնք, վստահ եմ, քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ, և մենք էլ աջակից կլինենք: Կարծում եմ՝ իմ գործընկերներն էլ կհամաձայնեն, որ կա որոշակի արմատական քայլերի անհրաժեշտություն: Տարբեր խորհրդարանականներ տարբեր պատճառներից ելնելով աչք են փակում այս ամենի վրա, բայց ժամանակն է լրջորեն մտածել այն մասին՝ ինչ է կատարվում այդ երկրի ներսում: Հենց ինքը Եվրոպան պետք է հետամուտ լինի իր արժեքների պահպանմանը»,- ընդգծեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամը:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ առավելություն կտա ադրբեջանական պատվիրակությանը ձայնից զրկելու հնարավորությունը Հայաստանի պատվիրակությանը: «Ոչ, Ադրբեջանի պատվիրակությունը սակավաթիվ է, ուստի մի քանի պատվիրակի քվեարկություն էական փոփոխություն չի ունենա: Դա պարզապես կլինի ազդակ՝ վերապահումով մոտենալու Ադրբեջանի գործողություններին»,- եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը:










