Մենաշնորհ, փոխարժեքի տատանում. տնտեսագետներն այն մասին, թե ինչու Հայաստանում պարենը չի էժանանում
Թե ինչու է աշխարհում պարենամթերքի գների ռեկորդային անկում գրանցվել, իսկ ՀՀ-ում ոչինչ չի փոխվել, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն առաջին հերթին պայմանավորում է Հայաստանում առևտրաշրջանառության անկմամբ:
«Մենք ունենք առևտրաշրջանառության անկում, և գները թանկացնում են, որ իրենց նախկին շահույթը կարողանան ապահովել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նշենք, որ Պարենի համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է պարենամթերքի գների ինդեքսը, ըստ որի՝ օգոստոսին հուլիսի համեմատ պարենամթերքն աշխարհում էժանացել է մոտ 5.2 տոկոսով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն էլ հրապարակել է գների ինդեքսը Հայաստանում և պարզվել է, որ Հայաստանում արձանագրվել է հակառակ միտումը. օգոստոսին հուլիսի համեմատ պարենամթերքը թանկացել է 0.1 տոկոսով:
Մեկ այլ պատճառ, ըստ տնտեսագետի, դաշտի մոնոպոլիզացիան է: Նա նկատեց, թե ավելի ազատական շուկայի դեպքում գների էժանացման հավանականությունն ավելի մեծ կլիներ:
«Մեզ մոտ օրինակ շաքարավազի շուկայում նույն խնդիրը կա, և շաքարավազի ներմուծման ծավալները բավական ցածր են Հայաստանում: Ավելի շատ հումքն է ներմուծվում և արտադրվում, իսկ արտադրությունը թանկ է նստում, և գները կարող են չփոխվել»,-ասաց նա:
Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանի շուկան համաշխարհային գների արձագանքման հետ կապ չունի: «Այսինքն՝ գների տատանման նկատմամբ ճկուն չէ»,-ասաց նա, բայց չբացառեց, որ հնարավոր է՝ Հայաստանում պարենի էժանացում լինի առաջիկա ամսում:
«Հայաստանում կա որոշակի ժամանակային խախտում, այսինքն՝ ներկրողը համարում է, որ նախկինում թանկ է ներկրել և հիմա էժանացել է, գինը կոնկրետ չի կարող էժանացնել, բայց հետագայում, երբ որ էժան ներմուծի, դա էժանացման հիմքեր կտա»,-ասաց նա:
Տնտեսագետի խոսքով՝ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը բնականաբար այստեղ անելիք ունի: «Պետք է ուսումնասիրի աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները և խոշոր շահույթ ստանալու հնարավորությունը սահմանափակի»,-ասաց նա:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, հանրապետական պատգամավոր Գարեգին Նուշիկյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե վաճառվողը բնականաբար օգոստոսին ձեռք բերված ապրանքը չէ, և դրանով է պայմանավորված, որ հայկական շուկայում արձագանքն ուշանում է:
«Հաջորդ խմբաքանակը, երբ որ ներմուծեն, արդեն էժան գներով կներմուծվի և համապատասխանաբար կէժանանա»,-ասաց նա:
Բացի այդ, նա խնդրում է չմոռանալ, որ դոլարի կուրսը դրամի նկատմամբ աճել է, իսկ ԱՎԾ-ի հաշվարկը դրամով է:
«Այսինքն՝ դժվար է մի քիչ անմիջապես կապել համաշխարհային գների հետ, դոլար-դրամ հարաբերակցությունն էլ նշանակություն ունի, իսկ մենք խոսում ենք դրամային արտահայտության մասին»,-ասաց նա:
Իսկ թե ինչքանով են թանկացումները նաև մենաշնորհային դաշտով պայմանավորված, Գարեգին Նուշիկյանը պատասխանեց. «Դե երևի թե մենակ շաքարն է, որ այդպես մոնոպոլիզացված է 90-քանի տոկոսով, մնացած ապրանքատեսակների մասով, չեմ կարծում, որ խիստ մոնոպոլիզացիա կա»:
Իսկ թե շուկան որքանո՞վ է ճկուն՝ արձագանքելու համաշխարհային գներին նաև էժանանալու դեպքում, Նուշիկյանը պատասխանեց. «Երևի թե հեռավորությունն իր ազդեցությունը թողնում է. մինչև ապրանքը բերում են և տեղ են հասցնում տարբեր-տարբեր ճանապարհներով և այլն... Այնպես որ՝ դժվար է անմիջապես կապել համաշխարհային գների հետ»,-ասաց նա:
Տնտեսագետ Զոյա Թադևոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե նման ցուցանիշները վաղուց չպետք է արտասովոր երևույթ թվային:
«Հայաստանյան շուկան, այն էլ այնպիսի ապրանքների ներկմամբ, որոնք համարվում են այսպես ասած «շուկայի համար հազվագյուտ ապրանքներ», ինչպես օրինակ՝ ցորենի, շաքարի, ձեթի ներկումը, դրանք բոլորը մենաշնորհային շուկաներ են, և ամեն մեկը չի կարող Հայաստան ցորեն ներկրել։ Հետևաբար՝ ներկրողներն իրենք են որոշում՝ ինչ գնով կվաճառեն: Եթե շուկան մրցակցային չէ, ապա ցորենի գինը պետք է լինի բարձր, դա զարմանալի բան չէ, և մենք տարիներ շարունակ այդ երևույթին հանդիպել ենք և պետք է որպես կանոն ընդունենք: Եթե շուկան մոնոպոլացված է, ուրեմն ապարանքների գները որոշողը մեկն է, կամ երկուսը»,-ասաց նա:
Զոյա Թադևոսյանի խոսքով, եթե Հայաստանը ունենար նորմալ, շուկայական կանոններով կարգավորվող հնարավորություններ, ապա վստահաբար պետք է հայ սպառողը ևս էժան ապրանքներ ձեռք բերեր:
«Իսկ քանի որ այդպես չէ, տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում տարիներ շարունակ»,-ասաց նա:
Իսկ թե ՏՄՊՊՀ այստեղ անելիք ունի՞, տնտեսագետն արձագանքեց. «Մրցակցային հանձնաժողովը շատ անելիքներ ունի, բայց մենք մրցակցային հանձնաժողով ունե՞նք: Դրանք դրածո մարդիկ են և անում են այն, ինչ իրենց հրամայվում է: Չեն ելնում հիմնական տրամաբանությունից, ինչը իրենց իրավասությունների շրջանակում է: Երբևէ մեզ ՏՄՊՊՀ-ն զարմացրե՞լ է իր սպառողամետ որոշումներով, երբե՛ք»։
Իսկ թե հնարավո՞ր է առաջիկայում էժանացում սպասել, երբ օգոստոսին նոր խմբաքանակն ավելի էժան կներմուծվի, Զոյա Թադևոսյանը պատասխանեց. «Հայկական շուկայում էժանացում մի սպասեք, մենք այդպիսի երևույթի երբեք չենք հանդիպել: Ցանկացած պարագայում մենք ունեցել ենք բազմաթիվ էժանացման հնարավորություններ, բայց միշտ ունեցել ենք գնաճ: ԱՎԾ-ի՝ երկար տարիներ շարունակ գնաճի դինամիկան եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ երբեք մենք չենք ունեցել գնաճին հաջորդող գնանկում: Գնաճը կայուն երևույթ է մեր երկրի համար»։










