Գործարար Լևոն Հայրապետյանն ազատվել է տնային կալանքից

11:20 • 16.09.15

ՌԴ-ում քննությունը տնային կալանքից ազատել է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի յուրացման գործով մեղադրվող ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանին, հաղորդում է ТАСС գործակալությունը։

 

«Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը, քննիչի որոշմամբ, տնային կալանքից երկիրը չլքելու մասին ստորագրությամբ է փոխվել»,- ТАСС-ին հայտնել է աղբյուրը՝ բացատրելով, որ նման որոշում է կայացվել «այն կապակցությամբ, որ սպառվել է օրենքով նախատեսված կալանքի առավելագույն ժամկետը»։

 

Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը լրացել է սեպտեմբերի 15-ին: «Բաշնեֆտ»-ի գործով նա կալանքի տակ է եղել անցած տարվա հուլիսի 17-ից, իսկ խարդախության ճանապարհով Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից ստացած 700 հազար դոլարի յուրացման մասին մյուս գործով՝ անցած տարվա սեպտեմբերից։

 

Երկրորդ գործով Գլխավոր դատախազությունը չի հաստատել մեղադրական եզրակացությունը՝ նյութերը վերադարձնելով լրացուցիչ փորձաքննության: Այդպես, սպառվել է քննության ընթացքում կալանքի տակ գտնվելու առավելագույն ժամկետը՝ 12 ամիս:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ նախկին սենատոր Իգոր Իզմեստևից 700 հազար դոլար հափշտակելու համար մեղադրվող ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի գործով հետաքննության ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի վերջ:

 

Գործարարը մեղադրվում է 2009 թվականին «Սիստեմա» ընկերությանն Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ» ընկերության վաճառքին ներգրավվածության համար։ Մասշտաբային արբիտրաժային գործընթացի հետևանքով «Բաշնեֆտ»-ը վերադարձվել է պետությանը։

Գործարար Լևոն Հայրապետյանն ազատվել է տնային կալանքից