Միջազգային պատվիրակություններից ԲՀԿ–ից հետ են կանչվել նաև Ն. Զոհաբյանն ու Մ. Մելքումյանը
«Բարգավաճ Հայաստանի» վերջին նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի առաջարկով որոշվել է միջազգային պատվիրակությունում խմբակցության մի շարք անդամների փոփոխություններ կատարել, այդ թվում` իր` Նաիրա Զոհրաբյանի և Միքայել Մելքումյանի, այս մասին Tert.am–ի հետ զրույցում տեղեկացրեց Նաիրա Զոհրաբյանը։
«Մասնավորապես, ես դուրս եմ եկել Ֆրանկոֆոնիայի միջազգային համաժողովից, առաջիկայում Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովից կհեռանա Միքայել Մելքումյանը, ինչպես նաև հետ են կանչվել` ՆԱՏՕ-ի ԽՎ-ից` Էլինար Վարդանյանը, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովից և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից` Ստեփան Մարգարյանը»:
Այս մասին գրությունն ուղարկված է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և ԲՀԿ առաջիկա նիստում կորոշվի, թե ովքեր են միջազգային պատվիրակություններում խմբակցության նախկին անդամներին փոխարինելու:
Ի պատասխան հարցի, թե խմբակցությունը նշված թափուր տեղերի համար ում թեկնածությունն է առաջադրելու, Նաիրա Զոհրաբյանն ասաց.«Խմբակցության առաջիկա նիստում հարցը կքննարկենք, և ես անձամբ, որպես խմբակցության ղեկավար, հակված եմ, որ բոլոր թափուր տեղերում ներկայացված լինեն ԲՀԿ այն պատգամավորները, ովքեր մինչ այդ որևէ պատվիրակությունում ներկայացված չեն եղել: Ի վերջո, այդ մարդկանց, ովքեր որևէ պատվիրակությունում չեն աշխատել, նրանց պետք է հնարավորություն տանք, որովհետև փորձառությունը ձեռք է բերվում նաև աշխատանքի ընթացքում»:










