Պատկերասրահի գլուխգործոցներն արդեն աշխարհի տարբեր երկրներում ցուցադրվում են. Փարավոն Միրզոյան
Հայաստանի Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ արդեն երկար տարի է ինչ պատկերասրահում թե ուսանողության, թե դպրոցահասակների համար կազմակերպվում են իդեալական միջոցառումներ և Ազգային պատկերասրահն ամեն ինչ անում է, որպեսզի մշտական այցելուներ լինեն:
«Անկախությունից հետո մենք ամեն ինչ արեցինք, որ ոչ թե ներկայացնենք Սովետական միության որևէ թանգարան, այլ Հայաստանի ազգային պատկերասրահը, և մեր պատկերասրահի գլուխգործոցներն արդեն աշխարհի տարբեր երկրներում ցուցադրվում են, այսինքն՝ հենց դա է բերում ճանաչում և՛ Հայաստանին, և՛ պատկերասրահին»,- ասաց նա:
Փարավոն Միրզոյանը նշեց, որ հիմա մտածում են ունենալ լավ ռեստավրացիոն բաժին: «Հայաստանի ազգային պատկերասրահը հայ կերպարվեստի ամենամեծ հավաքածուն ունի»,- ասաց նա:
Նա նշեց, որ թեև պատկերասրահ այցելություններ կան, սակայն հասարակության մեջ, այսպես ասած, արվեստի հետ շփվելու շատ մեծ ցանկություն չի տեսնում, ինչն էլ ըստ նրա, գալիս է մարդկանց սոցիալական վիճակից:
«Ես Մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչն եմ, և ամեն ինչ անում եմ, որ ուսանողները գան պատկերասրահ: Ուսանողը թեկուզ կերպարվեստի բաժնում էլ չսովորի, այլ սովորի մշակույթի, երաժշտական բաժնում, միևնույնն է անպայման պետք է ծանոթանա կերպարվեստի ստեղծագործություններին, անպայման ճանաչի հայ նկարիչներին, քանդակագործներին»,- ասաց նա:










