Հայրենի քաղաքում նշվեց Ավետիք Իսահակյանի 140-ամյակը
Գյումրիում հոկտեմբերի 30-ին նշվեց Ավետիք Իսահակյանի 140-ամյակը: Տարին հոբելյանական է. նշվում է ոչ միայն վարպետի ծննդյան, այլ նաև նրա հուշատուն-թանգարանի գործունեության 40-ամյակը: 1875 թվականի հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան, ծնվեց բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ,Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Ավետիք Իսահակյանը: 1897թ. Ալեքսանդրապոլում լույս է տեսնում Իսահակյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն` ‹‹Երգեր ու վերքեր›› խորագրով, գիրք, որը նախանշում էր նրա գրական ստեղծագործության սկիզբն ու հավատամքը: Հայրենիքի, սիրո, կարոտի, մայրական սիրո թեմաները Իսահակյանի ստեղծագործության հիմնական մոտիվներից են: Հայրենի բնաշխարհի գեղեցկությունները, նրա լեգենդն ու առասպելը, երազն ու սերը իրենց բացառիկ դրսևորումը գտան իսահակյանական պոեմներում ու բանաստեղծություններում:
Թեև իսահակյանական տարին պարտավորեցնող է՝ ողջ տարվա ընթացքում մեծարելու ու գնահատելու են վարպետին, սակայն հիմնական միջոցառումները տեղի ունեցան հոկտեմբերի 30-ին՝ բանաստեղծի ծննդյան օրը: Քաղաքային իշխանությունները, Իսահակյանի ստեղծագործությունները գնահատողները նախ ծաղկեպսակ դրեցին ու հարգեցին մեծ բանաստեղծի հիշատակը, ապա մասնակցեցին վարպետի հուշատուն-թանգարանում կազմակերպված միջոցառմանը: 1975 թվականից, մեծ քնարերգուի հայրական տանը, որը կառուցվել է 1829 թվականին բանաստեղծի պապի՝ Նիկողայոս Իսահակյանի կողմից, գործում է Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանը: Թանգարանը մեզ գրեթե անփոփոխ վիճակում է հասել ժամանակակիցներին: Թանգարանում վերականգնված են բանաստեղծի աշխատասենյակը, Իսահակյանների հյուրասենյակը, ննջասենյակը, խոհանոցը, մառան և թոնրատունը:
Օրը տոնական էր, բայց հյուրասեր վարպետն ինքն էր ոչ միայն շնորհավորանք ընդունում, այլ նաև իր տուն այցելած հյուրին տնավարի պատվելու առաքելությունն իրականացնում. հուշատուն-թանգարանում կազմակերպվել էր «Գիրը հոգևոր հաց» վերտառությամբ իսահակյանական հյուրասիրություն՝ թանգարանի բոլոր այցելուների համար: Ազգային համեղ կերակուրներ, գինի ու հաց՝ հյուրընկալ վարպետի հյուրասիրությունն ու ստեղծագործությունները բոլորինն էին, իսկ կենացները՝ իրենը: Գյումրու քաղաքապետը բարձրացնելով բաժակը շնորհավորանքից հետո խոստացավ, որ տարվա ընթացքում թանգարանին նոր ցուցափեղկերի համար հատկացված գումարը միակը չի լինի, կլինեն նաև այլ նախաձեռնություններ, իսկ ամենամեծ անակնկալը՝ նրա «Ուստա Կարոն» անտիպ գործի տպագրություն է լինելու: Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում, սակայն ավաղ մնաց անավարտ։
««Ուստա Կարոն» կավարտվի այն օրը« երբ կլուծվի հայկական հարցը»«-ասել է Վարպետը։ «Չնայած կիսատ, բայց այդ գործը տպագրվելու անհրաժեշտություն կա: Վարպետի համար ամենամեծ նվերը նրան հիշելն է, իսկ ընթերցողների համար ամենամեծ նվերը կլինի այդ ստեղծագործության տպագրությունը»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Սամվել Բալասանյանը` վարպետի գործերից առանձնացնելով «Աբու Լալա Մահարի» ստեղծագործությունը, որպես դպրոցական տարիներից իր մեջ դաջված լավագույն ստեղծագործություն:
Ավելացնենք, որ ողջ օրվա ընթացքում վարպետի հուշատուն-թանգարանը լեցուն էր այցելուներով, ոչ միայն Գյումրիից այլ նաև Շիրակ աշխարհի այլ համայնքներից, հարևան մարզերից: Վարպետի շունչն ու ստեղծագործությունները թևածում էին վարպետի պապական տանն ու «Վարպետաց» փողոցում:










