Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակը հայտնել է երեխաների համար նոր գիրք գրելու մասին
Հարի Փոթերի մասին վեպերի շարքի հեղինակ Ջոան Ռոուլինգը հայտարարել է, որ նոր մանկական գիրք է գրում, փոխանցում է РИА Новости-ն:
Նշվում է, որ Ռոուլինգն ավարտել է հրաշագործ տղա Հարի Փոթերի մասին վերջին գիրքը 2007-ին և այդ ժամանակից ի վեր գրքեր է գրել միայն մեծահասակների համար, ընդ որում` որոշ վեպեր Ռոբերտ Գելբրեյթ կեղծանվան ներքո:
«Ես չեմ պատրաստվում հայտնել ձեզ ստույգ ամսաթիվը, քանի որ ամեն ինչ փոխվում է, և ես այժմ գրում եմ նաև սցենար: Սակայն ես, անկասկած, ավելի շատ վեպեր կգրեմ Ռոուլինգ անվան ներքո: Ես գրել եմ մանկական գրքի մի մասը, որն ինձ շատ է դուր գալիս: Ես հաստատ այն կավարտեմ»,- ասել է հեղինակը:
Նա նշել է, որ անհանգստանում է այն բանի համար, որ կարող է մահանալ` նախքան բոլոր գրքերը գրելը: Ռոուլինգի խոսքով` դա միջին տարիքի ճգնաժամն է։










