Աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչն իր արխիվը վաճառել է Թուրքիային` մեծ գումարի դիմաց

23:30 • 24.11.15

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ ստամբուլահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերը իր արխիվը վաճառել է  Թուրքիային:

RodaHaber-ը մանրամասնում է, որ խոսքը Գյուլերի 70 տարվա արխիվի մասին է, որը այժմ պատկանում է Doğuş պետական հիմնարկին, ինչի համար ջանքեր են գործադրել այդ հոլդինգի ղեկավարները և կարողացել են համոզել Գյուլերին` իրենց իրավաբանի միջոցով:

Ըստ այդմ` պայմանագիրը ստորագրված է եղել նոյեմբերի 18-ին։ Դրա համաձայն՝ Doğuş-ին են անցնում ոչ միայն Գյուլերի հանրահայտ լուսանկարները, որոնցում պատկերվում է մասնավորապես Ստամբուլը, այլև Ստամբուլի կենտրոնի «Արա» սրճարանը, որը պատկանում է Արա Գյուլերին, ինչպես նաև` 7 առանձին շինություններ, որտեղ պահվում է Գյուլերի արխիվը:

Ըստ այդմ` գործարքը գնահատվում է 3 մլն եվրո, Գյուլերը կլինի դրա 40 տոկոսի բաժնետերը,  իսկ ամսական նրան կվճարվի 50000 թուրքական լիրա` մոտ 17.000 ԱՄՆ դոլար:  

Արա Գյուլերին անվանում են «Ստամբուլի աչք», նա համարվում է լուսանկարչության համաշխարհային դասականներից:

Ավելի վաղ Արա Գյուլերը Հայաստանին էր նվիրել իր մի քանի աշխատանքներ: