Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը
Կյանքի 87-րդ տարում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Մշակույթի նախարարությունից:
«Կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով, հոգեհանգստի, հուղարկավորության վերաբերյալ լրացուցիչ կհայտնենք»,- տեղեկացրեցին նախարարության լրատվական ծառայությունից։
Վարդուհի Վարդերեսյանը 1958թ-ից թվականից աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան Սունդուկյանի թատրոնում, որտեղ կերտել է բազմաթիվ դերեր՝ Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի և այլն։ Խաղացել է նաև արևմտահայ դերերում՝ «Պաղդասար Աղբար»՝ Անույշ և այլն։
Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում։ Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն։ 1958 թվականից նկարահանվել է հեռուստաներկայացումներում, եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից։
Վարդուհի Վարդերեսանը 1965 թվականին արժանացել է ՀԽՍՀ, 1988 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը։ 1995թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001 թվականին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013թ.` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։










