Հաքերները ռուս հայտնի երաժիշտ Կիպելովին «ուղարկել» են կռվելու ԻՊ-ի դեմ
Ռուս հայտնի երաժիշտ Վալերի Կիպելովի կայքը կոտրել են։ Այդ մասին gazeta.ru-ին պատմել է խմբի երաժշտական մենեջեր Եվգենի Օդինցովը։
Նրա խոսքով՝ Կիպելովը մտադիր չէ մոտ ժամանակներս դադարեցնել իր համերգային գործունեությունը։ Նա նաև վստահեցրել է, որ «Իսլամական պետության» դեմ Սիրիայում կռվելու երաժշտի պլանների մասին սուտ հաղորդագրությունն արդեն հեռացվել է։
«Մենք այժմ զբաղվում ենք այդ հարցով: Հավանաբար մեկն այդկերպ պարզապես փորձում էր ուշադրություն գրավել»,- հավելել է Եվգենին։
Երաժշտի տնօրեն Ելենա Ալիմովան ենթադրություն է հայտնել, որ հաղորդագրության հեղինակը հավանաբար Կիպելովի գործունեությանն անծանոթ մեկն է եղել, քանի որ այն պարունակում է «Ես դնում եմ իմ կիթառը» նախադասությունը՝ չնայած նրան, որ Կիպելովը չի նվագում կիթառ։
«Նշանակում է՝ հաղորդագրության հեղինակն ակնհայտորեն «Կիպելով» խմբի խենթ երկրպագու չէ, երկրպագուները նման մանրամասները լավ գիտեն։ Ես չեմ կարող ենթադրել, թե ով կարող էր դա անել և ում էր դա պետք»,- ասել է նա:










