Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի ճապոնական կինոփառատոն
Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Հայաստանում կմեկնարկի Ճապոնական ֆիլմերի փառատոն, որն արդեն թվով 9-րդն է: Այդ առիթով այսօր լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի կազմակերպիչներից «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը նշեց, որ փառատոնը հնարավորություն է տալիս ճանաչելու ճապոնական մշակույթը և ճապոնացի մարդու տեսակը: Նա տեղեկացրեց, որ այս տարի փառատոնը ընդգրկում է նաև Գյումրին ու Էջմիածինը:
«Ընդհանուր առմամբ կցուցադրվեն 5 ֆիլմեր, որոնք ժամանակակից գործեր են: Կինոսրահ մուտքը ազատ է լինելու: Նշեմ նաև փառատոնի բացման երաժիշտ Իրիյե Յոսկեն կնվագի շակուհաչի գործիքով: Այդ գործիքը անասելի ձայն ունի և շատ նման է հայկական բլբլուի ելևէջներին»,-ասաց նա:
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին շնորհակալություն հայտնեց բոլորին փառատոնի իրականացմանն աջակցելու համար և նշեց, որ փառատոնը նշանավոր է նրանով, որ հունվարին Հայաստանում բացվել է Ճապոնիայի դեսպանատունը:
«Ինչպես արդեն նշվեց, ներկայացվելու է հինգ ֆիլմ, որոնք բոլորը բարձր գնահատական են ստացել Ճապոնիայում: Ուրախ կլինեմ, որ ֆիլմերի միջոցով հայերն էլ ավելի ընկալեն Ճապոնիան, ճապոնական մշակույթը: Ճապոնիայի դեսպանատունը ցանկանում է այսուհետ ևս անցկացնել մշակութային միջոցառումներ, որպեսզի ավելի ամրապնդվեն երկկողմ մշակույթային կապերը»,-ասաց նա:
Դեսպանը նաև տեղեկացրեց, որ հաջորդ տարվա հունվարին կրկին կինոփառատոն էր կազմակերպվելու, որի գլխավոր թեման լինելու է կինը:
Կինոյի, հեռուստատեսության, անիմացիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Անետա Երզնկյանը նշեց, որ նման փառատոնները մեծ նշանակություն ունեն հայ մշակութային կյանքում:
«Այդ հինգ ֆիլմերին արդեն ծանոթացել եմ ու գիտեմ, որ մեծ հետաքրքրություն կարող են առաջացնել: Դրանք պատմում են Ճապոնիայի բարքերի, մարդկանց կյանքի մասին: Ֆիլմերի միջոցով ճանաչելով ճանպոնացիներին, նոր մտահորիզոն կբացվի հանդիսատեսի համար: Ներկայացվելու են բաժանմանր ֆիլմեր՝ վավերագրական և խաղարկային, որոնք իրենց բովանդակությամբ ծանոթացնում են ճապոնացիների կյանքին, մենթալիտետին, փոխհարաբերությունների ու տոլերանտության հետ, մի բան, որը պակաս է մեզանում»,-ասաց նա:










