Օբաման Բարբրա Սթրեյզանդին և Սթիվեն Սփիլբերգին Ազատության նախագահական մեդալով է պարգևատրել (լուսանկարներ)
Երգչուհի և դերասանուհի Բարբրա Սթրեյզանդը, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը, ջութակահար Իցհակ Փերլմանը, երգահան, պոետ և դրամատուրգ Սթիվեն Սոնդհայմն արժանացել են ԱՄՆ քաղաքացիական բարձրագույն մրցանակին` Ազատության նախագահական մեդալին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիսավոր արարողության ժամանակ պարգևատրել է 17 քաղաքական, հասարակական գործիչների և գիտության, մշակույթի և սպորտի ազդեցիկ ներկայացուցիչների:
«Այսօր մենք պատվում ենք առանձնահատուկ մարդկանց` նորարարների, նկարիչների և առաջնորդների»,- նշել է Օբաման։
Ազատության նախագահական մեդալը բարձրագույն ամերիկյան պարգև է, որը շնորհում են քաղաքացիական անձանց։ Այն յուրաքանչյուր տարի հանձնում են մարդկանց, «ովքեր մեծ ներդրում են ունեցել ԱՄՆ-ի անվտանգության և ազգային շահերի պաշտպանության, ամբողջ աշխարհում խաղաղության աջակցության գործում»։























