Թուրքիան դիտավորյալ չի կործանել Սու-24-ը. Էրդողանը նախազգուշացրել է Ռուսաստանին «չխաղալ կրակի հետ»

17:28 • 27.11.15

Թուրքական ռազմաօդային ուժերը ռուսական Սու-24 ինքնաթիռը դիտավորյալ չեն ոչնչացրել։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բայբուրթ քաղաքում ելույթի  ժամանակ, հաղորդում է ТАСС-ը:

 

«Մեր օդային տարածքը խախտած ինքնաթիռը կործանվել է մեր F-16-երի կողմից: Չնայած տասը նախազգուշացումներին՝ ինքնաթիռը շարունակում էր շարժվել դեպի մեր սահմանը, իսկ դրա պատկանելիությունն անհայտ էր»,- պնդել է նա։

 

«Արձագանքման կանոնների համաձայն՝ ինքնաթիռը խոցվել է։ Միայն հետո է հայտնի դարձել, որ ինքնաթիռը պատկանում էր Ռուսաստանին: Մեր արձագանքման կանոնների մասին մենք հայտնել ենք ողջ աշխարհին»,- հավելել է նա։

 

Էրդողանը հիշեցրել է, որ «սահմանի առաջին խախտումները թույլ են տրվել Ռուսաստանի կողմից հոկտեմբերի 3-4-ին»:

«Դա երրորդ խախտումն էր: Երկու նախորդ միջադեպերից հետո ես զանգահարել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և դա տգեղ միջադեպ անվանել: Մենք խոսել ենք նաև G20 գագաթաժողովի ժամանակ։ Նա առաջարկել է դա ընդունել որպես հյուրերի հետ տեղի ունեցող միջադեպեր: Ես էլ ասացի, որ չհրավիրված հյուրեր պետք չեն»,- նշել է Էրդողանը:

 

Թուրքիայի նախագահը նաև նախազգուշացրել է Ռուսաստանին «չխաղալ կրակի հետ» Սու-24-ի հետ կապված միջադեպի առնչությամբ: Նա միևնույն ժամանակ հավելել է, որ չի ցանկանում վնասել ռուսական իշխանությունների հետ հարաբերություններին։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։

Համաձայն թուրքական կողմի պնդումների՝ ռազմական ինքնաթիռը խփելու պահին իրենք չեն իմացել, թե ում է պատկանում այն: Իրենք 10 անգամ կրկնել են նախազգուշացումը, սակայն օդաչուները չեն արձագանքել, ինչից հետո միայն կրակ է բացվել:

 

 

Թուրքիան դիտավորյալ չի կործանել Սու-24-ը. Էրդողանը նախազգուշացրել է Ռուսաստանին «չխաղալ կրակի հետ»