Փարիզի ահաբեկիչներից մեկը Սիրիա է փախել. բելգիական մամուլ
Փարիզի ահաբեկչությունների մասնակիցներից մեկը՝ բելգիացի Սալահ Աբդեսլամը, փախել է Սիրիա: Այդ մասին հայտնում է բելգիական Het Laatste Nieuws թերթը, գրում է lenta.ru-ն։
Սալահ Աբդեսլամն այժմ հավանաբար Սիրիայի ճանապարհին է՝ միակ տեղը, որտեղ նա անվտանգության մեջ կարող է լինել։ Մինչ իր փախուստը նա եղել է Բրյուսելի Սխարբեկ բնակավայրում:
Թերթը նշում է, որ քննիչները պատրաստ չեն տեղեկատվություն տրամադրել իրենց աշխատանքի կոնկրետ արդյունքների վերաբերյալ, սակայն նրանք կարծում են, որ ահաբեկիչն օգտվել է Եվրոպայում աջակիցների ցանցից։ Նրանք օգնել են նրան թաքնվել և ճանապարհն անցնել բեռնատար ինքնաթիռներով։
«Անմիջական վտանգն այժմ անցել է, բայց մենք դեռ չենք ազատվել այդ մարդկանցից»,- ասել է քննությանը մոտ աղբյուրը:
Սալահ Աբդեսլամի անունով է գրանցվել Volkswagen Polo ավտոմեքենայի վարձույթը, որը գտել են հարձակման ենթարկված «Բատակլան» համերգասրահի հարևանությամբ։ Նա կրակ է բացել Փարիզի կենտրոնում գտնվող սրճարանի վրա, որի մոտակայքում իրեն պայթեցրել է իր եղբայրը՝ Իբրահիմը:
Associated Press գործակալության հաղորդմամբ՝ ահաբեկչություններից հետո ոստիկանությունը կանգնեցրել է Աբդեսլամի և ևս երկու տղամարդու մեքենան Բելգիայի սահմանի մոտակայքում, սակայն փաստաթղթերը ստուգելուց հետո նրանց բաց են թողել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել է «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է շուրջ 130 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը։










