Թուրքիայի ափերի մոտ խորտակված սիրիացի փոքրիկի հարազատներն ապաստան կստանան Կանադայում
Թուրքիայի ափերի մոտ օգոստոսին խորտակված Այլան Քուրդի անունով 3-ամյա սիրիացի տղայի հարազատներն ապաստան կստանան Կանադայում, փոխանցում է Комсомольская правда-ն։
Կանադական իշխանությունները բավարարել են մահացած երեխայի հորեղբայր Մուհամեդ Քուրդիի միջնորդությունը: Նրա քույրը նշել է, որ իր ընտանիքը Կանադա կմեկնի դեկտեմբերի վերջին։
Ընտանիքը դեռ պետք է անվտանգության ստուգում անցնի: Կանադական միգրացիոն ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ Քուրդիի ընտանիքի անդամների դիմումների ուսումնասիրման գործընթացը լավ է ընթանում։
Փոքրիկի հայրը` Աբդուլա Քուրդին, չի պատրաստվում տեղափոխվել Կանադա, նա օգնում է փախստականների երեխաներին Իրաքի հյուսիսում, հայտնել է քույրը։
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին լրատվամիջոցները հրապարակել էին 3-ամյա սիրիացի երեխայի լուսանկարը, ում ծովի ջրերը դուրս էին բերել Թուրքիայի ափ: Երեխայի լուսանկարները դարձել են Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի խորհրդանիշը։











