ԱՄՆ պետդեպը դատապարտել է Թուրքիայում լրագրողների ձերբակալությունները
ԱՄՆ-ն անհանգստացած է թուրքական «Հանրապետություն» թերթի խմբագրության աշխատակիցների ձերբակալությամբ, ասվում է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոների հայտարարությունում:
«Այդ հետաքննությունը, քրեական մեղադրանքները և ձերբակալությունները լուրջ անհանգստություն են առաջացնում թուրքական իշխանությունների` ԶԼՄ-ների ազատության հիմնարար սկզբունքներին հետևելու ձգտման վերաբերյալ»,- ասել է Թոները:
Նա նաև նշել է, որ մինչ այս էլ «Թուրքիայի դատարանները և իրավապահ մարմինները կասկածելի հանգամանքներում գործողություններ են ձեռնարկել ընդդեմ թուրքական հրատարակությունների, որոնք քննադատում են կառավարությանը», փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ իրենք կոչ են անում Թուրքիայի իշխանություններին հետևել բոլոր անձանց և կազմակերպությունների իրավունքներին, այդ թվում` ԶԼՄ-ների, այն է` կարծիք և քննադատություն հայտնել ցանկացած հարցի վերաբերյալ, ինչը համապատասխանում է Սահմանադրությունում ամրագրված ԶԼՄ-ների և խոսքի ազատության երաշխիքներին։
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը ձերբակալել է թուրքական «Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և թղթակից Էրդեմ Գյուլին` թուրքական իշխանությունների կողմից ԻՊ-ին զենք մատակարարելու մասին հոդվածի համար։










