Լոլա Ուզունյանի հայրը բոյկոտել է Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակի արարողությունը. նա բաց նամակ է հղել

14:50 • 28.11.15

Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների ամենաերիտասարդ զոհերից էր մեր հայրենակցուհին՝ 17-ամյա Լոլա Ուզունյանը։ Նա մահացել է «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ ահաբեկիչների բացած կրակից։

 

Նրա հայրը՝ Էրիկ Ուզունյանը, մի շարք ընտանիքների հետ բոյկոտել է նոյեմբերի 27-ին անցկացված ահաբեկչությունների զոհերի հիշատակի արարողությունը և իշխանություններին ուղղված բաց նամակ հրապարակել Huffington Post թերթում։

 

Էրիկ Ուզունյանը սուր քննադատության է ենթարկել քաղաքական առաջնորդներին։


«Նման քաղաքականությունը ողբերգական ազդեցություն է ունեցել մեր երկրի վրա։ Վերջին նախագահները ոչ հեռանկարային հայացքներով օժտված անպատասխանատու գործունեություն են վարել»,- գրել է նա:

 

Տղամարդն իր խոսքն ավարտել է՝ գրելով. «Ես սարսափած եմ իմ դատարկվող երկրի և իմ դստեր մահվան կապակցությամբ»։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել է «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:


Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ընթացքում ահաբեկիչները պատանդ են վերցրել ներկաներին։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է շուրջ 130 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը։

Լոլա Ուզունյանի հայրը բոյկոտել է Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակի արարողությունը. նա բաց նամակ է հղել