Թուրքիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս քաղաքացիներին հրաժարվել ՌԴ ոչ շտապ այցերից

15:04 • 28.11.15

Թուրքիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Ռուսաստան ոչ շտապ այցերից՝ մինչ ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամի կարգավորումը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ նոյեմբերի 24-ից ՌԴ այցեր կատարող կամ այնտեղ ապրող մեր քաղաքացիները որոշակի խնդիրներ են ունենում։ Մինչ խնդրի լուծումն օգտակար է համարվում, որ մեր քաղաքացիները, որոնք շտապ պատճառներ չունեն, հետաձգեն իրենց այցերը Ռուսաստան»,- ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

 

Նոյեմբերի 27-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, որ ՌԴ-ն  2016 թվականի հունվարի 1-ից կդադարեցնի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռը կործանվել էր Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։


Համաձայն թուրքական կողմի պնդումների՝ ռազմական ինքնաթիռը խփելու պահին իրենք չեն իմացել, թե ում է պատկանում այն: Իրենք 10 անգամ կրկնել են նախազգուշացումը, սակայն օդաչուները չեն արձագանքել, ինչից հետո միայն կրակ է բացվել:

Թուրքիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս քաղաքացիներին հրաժարվել ՌԴ ոչ շտապ այցերից