Մեր սպասումները համեստ են, քանի որ ԵՏՄ շուկան տնտեսական իմաստով դեռևս կաթվածահար է. Արսեն Ղազարյան

18:49 • 29.11.15

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի գրեթե մեկ տարի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հանգամանքին, նշեց, որ արդյունքներն ավելի լավը կլինեին, եթե Ռուսաստանի նկատմամբ չկիրառվեին միջազգային սանկցիաներ:

 

«Մեր սպասումները համեստ են, քանի որ ԵՏՄ շուկան տնտեսական իմաստով դեռևս կաթվածահար է՝ կապված սանկցիաների և ռուբլու անկայուն վիճակի հետ: Տարվա կեսը մեր արտահանողները սպասումային վիճակում էին: Հունիսից հետո որոշակի ադապտացում գնաց՝ սովորեցին, թե ինչպիսի արժույթով պայմանագրեր կնքեն, ինչպիսի վճարման մեխանիզմ պետք է լինի, իրավիճակը մի փոքր կայունացավ: Ես հույս ունեմ, որ արտահանումների ծավալների աճ կունենանք նոյեմբեր դեկտեմբերին»,-ասաց նա:


Արսեն Ղազարյանն ընդգծեց, որ ԵՏՄ-ն ձևավորվող տնտեսական մարմին է, որի կանոնակարգերն անընդհատ են մշակվում են, և մի քանի տարի է հարկավոր, որպեսզի այն դառնա տնտեսական մեկ միավոր և նրա անդամներն էլ կարողանան լիարժեք ինտեգրվել:


«Մենք արդեն իսկ դրականը տեսնում ենք, բայց դրա կողքին կան նաև խնդիրներ ու վարչարարություն, որը պետք է մշակվի ու հարթվի: Իմ կարծիքով՝ 2016-ին ավելի էֆեկտիվ արդյունք կունենանք, քան այս առաջին տարում, քանի որ ինքը՝ մարմինը, ստեղծված չէր, երբ մենք միացանք; Այն ևս ստեղծվեց 2015թ-ի հունվարին, մինչ այդ միայն մաքսային միությունը գոյություն ուներ: Եթե չլինեին միջազգային տնտեսական ստագնացիան և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաները, անհամեմատ ավելի մեծ արդյունք կստանայինք»,-ասաց նա:


Հարցին, թե գործարարները ԵՏՄ-ին անդամակցելուց ստացված օգուտների մասին խոսելիս նշում են հիմնականում փաստաթղթավորման հետ կապված հարցերի հեշտացումն ու ժամանակի կրճատումը, արդյո՞ք միայն սրա համար Հայաստանը անդամակցեց, Արսեն Ղազարյանը պատասխանեց. «Այդ թվում նաև դրա համար էր, որ մենք կարողանայինք ԵՏՄ տարածքում արտահանում-ներկրում իրականացնելիս ունենալ դյուրինացված փաստաթղթավորում: Դա կարևորագույն բաներից մեկն է, որ ակնկալում էինք»,-ասաց նա:

 

Իսկ թե ինչ հարցերով են հիմնականում գործարարները դիմում իրենց, Արսեն Ղազարյանը նշեց, որ հիմնական հարցերը կապված են վարչարարության հետ: Նա ընդգծեց, որ ԵՏՄ անդամ մյուս երկրների գործարարի միությունների հետ հանդիպմանը պարզ է դառնում, որ հարցերը մյուս երկրների գործարարների բարձրացրած հարցերից գրեթե չեն տարբերվում:


«Խնդիրները նույնն են բոլոր երկրներում, որովհետև քննարկումների ժամանակ նույն հարցերն են բարձրացվում: Տարվա վերջում նախատեսում ենք մի մեծ քննարկում ԵՏՄ նախարարների մասնակցությամբ»,-ասաց նա:

 


 

Մեր սպասումները համեստ են, քանի որ ԵՏՄ շուկան տնտեսական իմաստով դեռևս կաթվածահար է. Արսեն Ղազարյան