Դեկտեմբերի 3-ին ձյուն կտեղա ամենուրեք, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. Գագիկ Սուրենյան

20:04 • 30.11.15

Դեկտեմբերի 3-ին ձյուն կտեղա ամենուրեք. այս մասին Tert.am-ին ասաց Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

 

Ըստ նրա՝ դեկտեմբերի 1-ին հանրապետության տարածքը կգտնվի ցիկլոնի ազդեցության գոտում և ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

 

«Դեկտեմբերի 2-ին կդիտվի տեղումների դադար: Սակայն դեկտեմբերի 3-ի գիշերը Սկանդինավիայի տարածքից հանրապետություն ներխուժող ցուրտ մթնոլորտային ճակատը կառաջացնի եղանակա-կլիմայական պայմանների լուրջ փոփոխություններ: Կրկին կսկսվեն տեղումներ՝ արդեն ամենուրեք ձյան տեսքով: Կդիտվի քամիների ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ»,-ասաց նա:

 

Լեռնային շրջաններում և լեռնանցքերում. ըստ Գագիկ Սուրենյանի, սպասվում է բուք, ցածր տեսանելիություն, մերկասառույց:

 

«Պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ՝ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Դեկտեմբերի 3-ի գիշերը Երևանում սպասվում է -1…+1, ցերեկը՝ 0-ին մոտ»,-ասաց նա:


 

Դեկտեմբերի 3-ին ձյուն կտեղա ամենուրեք, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. Գագիկ Սուրենյան