Բոլոր դաշնակիցներն աջակցում են իր օդային տարածքը պաշտպանելու Թուրքիայի իրավունքին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ բոլոր դաշնակիցները լիովին աջակցում են իր օդային տարածքը պաշտպանելու Թուրքիայի իրավունքին, գրում է gazeta.ru-ն։
Այդ մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով կործանված ռուսական Սու-24-ի հետ կապված միջադեպը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախազգուշացրել է կործանված ռուսական Սու-24-ի հետ կապված միջադեպի հնարավոր կրկնության մասին: Նրա խոսքով՝ նման իրավիճակը հնարավոր է, քանի դեռ գոյություն ունի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի երկու կոալիցիա։ Վարչապետը կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին ավելի շատ համակարգել իրենց գործողությունները, ինչը թույլ կտա ապագայում խուսափել ողբերգական պատահականություններից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռը կործանվել էր Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «երկինք-երկինք» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։










