Կարմիր քարտ՝ իշխանություններին. բողոքի երթ Երևանում
19.21
Ոստիկանությունը քիչ առաջ «Կարմիր քարտ» նախաձեռնության անդամներից երկուսին ոստիկանության մեքենայով բերման ենթարկեց:
Քիչ անց նախաձեռնության անդամներից մի քանիսը նստեցին փողոցի կենտրոնում. նրանց ոստիկանները տարան դեպի մայթ, մի քանիսին՝ ոստիկանության բաժին:
18.40
«Կարմիր քարտ» նախաձեռնության անդամները քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան 26 կազմակերպել էին բողոքի երթ, որով, իրենց խոսքով, «կարմիր քարտ են ցույց տալիս» իշխանությանը:
Ցուցարարները պահանջում են իջեցնել էլեկտրաէներգիայի, գազի, ալյուրի, շաքարավազի, բենզինի գները: Նրանք երթի ժամանակ կոչ էին անում միանալ իրենց և նշում էին՝ «Մենք ենք տերը մեր երկրի»:
Երբ բողոքի մասնակիցները ցանկանում էին անցնել ՀՀ նախագահականի նստավայրի մայթ, ոստիկանները նրանց թույլ չտվեցին:
«Նախագահի նստավայրը հանդիսանում է հատուկ կարևոր ռազմավարական օբյեկտ, որի մոտով անցնելու իրավունք այս պահին չունեք»,-պարզաբանեցին ոստիկանությունից:
Երբ երթի մասնակիցները փորձեցին անտեսել ոստիկանության պահանջը և անցնել դիմացի մայթ, ոստիկանները թույլ չտվեցին։ Այս պահին ոստիկանները պատ են կազմել, իսկ երթի մասնակիցները բացականչում են՝ «Ամո՛թ», «ՀՀ ոստիկանություն, ա՛յ քեզ խայտառակություն»:
Այնուհետև ցուցարարները երգելով քայլեցին դեպի Ազգային ժողով:
Նախաձեռնության անդամ Մանուկյան Սևակը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք Ազգային ժողով մի շաբաթ առաջ նամակ էին հանձնել և հիմա եկել են պատասխան ստանալու և ևս մեկ անգամ համոզվեցին, որ «մեզ նման կառավարություն, Ազգային ժողով հարկավոր չէ:
«Մենք կոնկրետ քայլով միանալու ենք «Նոր Հայաստան» ուժին»,-հայտարարեց նա:










