Սորոսի հիմնադրամն «անցանկալի» են ճանաչել Ռուսաստանում
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն «անցանկալի կազմակերպություններ» է ճանաչել «Բաց հասարակություն» և «Աջակցություն» հիմնադրամները։ Այդ մասին հայտնել է վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Մարինա Գրիդնյովան, գրում է lenta.ru-ն։
Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղղված Դաշնային խորհրդի դիմումից հետո, որը խնդրել է ստուգել այսպես կոչված «հայրենասիրական ցանկում» ընդգրկված կազմակերպությունները: Ստուգման ընթացքում պարզվել է, որ հիմնադրամների գործունեությունը վտանգում է Ռուսաստանի սահմանադրական կարգի հիմքերը։
Հուլիսի սկզբին Դաշնային խորհուրդը միջազգային հարցերով հանձնաժողովի նախաձեռնությամբ «անցանկալի կազմակերպությունների» ցանկ է կազմել, որում ընդգրկվել է 12 կազմակերպություն՝ Սորոսի հիմնադրամը, Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED), Միջազգային հանրապետական ինստիտուտը և այլ կազմակերպություններ։










