Ոստիկանությունը Ազատության հրապարակից առգրավել է սեղան-աթոռներ, բերման ենթարկել Գագիկ Եղիազարյանին
Ոստիկանությունն առգրավել է «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչների` Ազատության հրապարակ բերած սեղան-աթոռները, սեղան-աթոռներով բեռնված մեքենան:
Բերման է ենթարկվել «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչներից Գագիկ Եղիազարյանը։
Այս մասին Ազատության հրապարակից ասուլիսին հայտարարեց «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
«Հենց նոր ոստիկանությունն առգրավվեց 4 հատ սեղան։ Հիմնավորումը, որ ներկայացվեց այն էր, այն, ինչ թույլ ենք տվել, մեր հանդուրժողականությունն է, ուստի ինչ-որ դրանից դուրս է մերժվելու է, արգելափակվելու, առգրավվելու»,-ասաց նա:
Նշենք, որ «Նոր Հայաստանի» սեղան-աթոռներով մեքենան կայանել էր Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում, որտեղից էլ ոստիկանները առգրավել էին սեղանները:
«Մենք գտնում ենք, դա հակասում է ՀՀ-ում գործող օրենսդրությանը, երբ ոստիկանության «հանդուրժողականության» չափը պետք է որոշի՝ քանի սեղան լինի, քանի աթոռ»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:










