Եվրոպական խորհրդարանում կայացել է ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ համաժողով

13:14 • 04.12.15

Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ հարաբերություններին նվիրված համաժողով:

 

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունից հայտնում են, որ միջոցառումը համատեղ նախաձեռնել էին Եվրախորհրդարանի պատգամավոր, Կանաչների խմբի Եվրոպական ազատ դաշինքի փոխնախագահ Միշել Ռիվազին և «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը: Միջոցառումն առանձնացել է բանախոսների ներկայացուց¬չականությամբ. մասնակցել են, մասնավորապես, հաջորդ շաբաթ մեկնարկելիք Հայաստան- ԵՄ հարաբերություններին առնչվող բանակցություններում ընդգրկված պաշտոնյաներ: 
 

Համաժողովը վարել է ԵԽ պատգամավոր Միշել Ռիվազին: Պատգամավորը երկար տարիներ իր ավանդն է ունեցել Հայաստանի և Եվրոպայի միջև ամուր կապեր հաստատելու գործում:
 

Նա նաև «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության խորհրդատվական խմբի անդամ է: Իր ելույթում նա ընդգծել է Հայաստան-ԵՄ ամուր հարաբերությունների կարևորությունը։
 

«Մենք ընդհանուր պատմություն ունենք Հայաստանի հետ, և ես շնորհակալ եմ հայկական մշակույթին ամենի համար, ինչ այն տվել է մեր մայրցամաքին: Նման միջոցառման կազմակերպումը շատ կարևոր է, որովհետև մենք հակված ենք Հայաստան -ԵՄ համաձայնագրի առավել լավ տարբերակի: Ես աջակցել եմ այս միջոցառմանը, որպեսզի մենք բոլորս ավելի լավ պատկերացում կազմենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին: Հուսով ենք լուծումներ գտնել քաղաքական գործիչների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միասին»,- նշել է պատգամավորը:  
 

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նպատակն է եղել այս լսումների միջոցով անդրադառնալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում արձանագրված ձեռքբերումներին և քննարկում ծավալել առաջիկա ամիսների ընթացքում բանակցության առիթ հանդիսացող Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական նոր հիմքի վերաբերյալ:
 

ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցոն Օչոան վստահ է, որ հանրային քննարկումների այս տարբերակը ձևավորում է գաղափարների լայն շրջանակ, որոնք պատշաճ իրագործման դեպքում կխթանեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները: «Գաղափարների նման փոխանակումն ամուր հիմք է ապահովում երկու կողմերին՝ նոր մտքեր և առաջարկներ ներկայացնելու համար: Մենք կարողացանք ներգրավել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ոլորտում գլխավոր դերակատարներին՝ խորհրդարանական և գործադիր ոլորտներից, քանի որ նպատակ ունենք անդրադառնալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների բոլոր ուղղություններին»,- նշել է Օչոան:
 

«Կարծում եմ, որ մեր քննարկումներն ու եզրակացությունները հետաքրքրիր ներուժ են ապահովում մեր հարաբերությունների հետագա զարգացման համար` խորհրդարանական մակարդակով, նաև բանակցողների համար ստեղծում են համաձայնագրի իրավական նոր հիմք: Իմ խորին համոզմամբ, թե՛ Եվրոպական միությունը, և թե՛ Հայաստանը կշահեն ստեղծված ամուր կապերից: Սա է այն ամենը, ինչին մենք՝  «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությանը, փորձում ենք հասնել»:

Հայաստանը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր անդամ է: Հայաստանի մասնակցությունն այս շրջանակում մշտապես արժևորվել է Եվրոպական խորհրդարանի կողմից: Իր մեկնաբանությունում ԵԽ փոխնախագահ և Եվրանեսթի փոխխոսնակ Ռիչարդ Չառնեցկին անդրադարձել է Հայաստան-ԵՄ ներկայիս հարաբերություններին և ակնկալվող զարգացումներին. «Եվրոպական միությունը պետք է խորացնի իր համագործակցությունը Հայաստանի հետ»:


Նա բացատրել է, որ Հայաստանին՝ երկարաժամկետ կտրվածքով անհրաժեշտ է ունենալ առավել սերտ համագործակցություն Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ:
 

«Այս համագործակցությունը պետք է լինի ոչ միայն քաղաքական բարձր մակարդակում, այլև հասարակության այլ ոլորտների ներգրավմամբ: Հուսով եմ, որ կկարողանամ օժանդակել երիտասարդ հայ ուսանողների և շրջանավարտների համար Եվրոպական խորհրդարանում պրակտիկա անցնելու ծրագրի մշակմանը»,- հավելել է նա:
 

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ իրավական հիմքերին, գոյություն ունի աճող կոնսենսուս  թե՛ ԵՄ-ի, և թե՛ Հայաստանի կողմից՝ թարմացնելու Հայաստան-ԵՄ համագործակցության իրավական հիմքը, ինչպես ընդգծված էր այս տարվա մայիսին Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Հաշվի առնելով, որ ներկայիս համաձայնագիրը մշակվել է դեռևս 1996 թվականին, փաստաթղթի նոր տարբերակը պատշաճ կերպով պետք է արտացոլի Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը այդ ժամանակից ի վեր:


Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության փոխնախագահ Անթանաս Գուոգան նշել է. «Հայաստանի համար շատ կարևոր է շարունակել խթանել զարգացող ՏՏ ոլորտը և էներգետիկ համակարգը՝ Հայաստանի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու նպատակով»:  

 

Համաժողովին մասնակցել է Եվրոպական կառույցների, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների, լրատվական դաշտի ավելի քան 50 ներկայացուցիչ:
 

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Բելգիայում ՀՀ դեսպան և ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը:
 

Ամփոփիչ խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը, որը նաև Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի անդամ է։


«Սա շատ կարևոր քննարկում է Հայաստան-ԵՄ բանակցությունների մեկնարկից առաջ: Գնահատելի են, որ քննարկման ժամանակ բարձրացվեցին մի շարք հետաքրքիր հարցեր մեր քաղաքական իրավիճակի և Հայաստանի դիրքորոշումների շուրջ: Հայաստանը խորապես հակված է Եվրոպայի հետ առավել սերտ համագործակցության: Սա փուլային գործընթաց է, որը սակայն, կիրագործվի համատեղ շահերի և արժեքների համադրման դեպքում»,- նկատել է նա:

 

Եվրոպական խորհրդարանում կայացել է ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ համաժողով