Իրաքի քրդերը հայտարարել են, որ ՌԴ-ի ներկայացրած լուսանկարներում իրենց մեքենաներն են նավթ տեղափոխում Թուրքիա

10:06 • 04.12.15

Բենզատարները և նավթը, որի մասին խոսվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, պատկանում են Իրաքի քրդերին։ Այդ մասին հայտնել է քրդական ինքնավարության խորհրդարանի նավթագազային հանձնաժողովի ղեկավար Շերկո Ջևդեթը։

 

Պատգամավորի խոսքով` Քուրդիստանը Թուրքիա է մատակարարում իր սեփական նավթը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Տիեզերքից արված Ռուսաստանի լուսանկարները պատկերել են մեքենաներ, որոնք նավթ են տեղափոխում Քուրդիստանից Թուրքիա: Մեր բնական պաշարների նախարարությունն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ հարյուրավոր մեքենաներ նավթ են տեղափոխում Քուրդիստանից Թուրքիա, և դա գաղտնիք չէ»,- նշել է Ջևդեթը:

 

Նա ընդգծել է, որ այդ մատակարարումները կապված չեն նավթի վաճառքի հետ, որը ձեռք է բերվում «Իսլամական պետություն» խմբավորմանը ենթակա տարածքներում: Ջևդեթի խոսքով` նավթը, որն արդյունահանվում է Սիրիայում ԻՊ-ին ենթակա տարածքներում, շատ դժվար է անցկացնել Քուրդիստանի միջով և վաճառել:

 

«Քուրդիստանը նավթն ուղարկում է նավթատարով և տանկերներով, և այն Թուրքիայից մատակարարվում է համաշխարհային շուկաներ»,- ասել է պաշտոնյան:
 

Օրերս ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտնել էր, որ երկրի պաշտպանության նախարարությունը Թուրքիային է համարում «Իսլամական պետության» նավթի հիմնական գնորդը:



«ԻՊ-ի նավթի հիմնական օգտագործողը Թուրքիան է»,- հայտարարել էր պաշտպանության փոխնախարարը:

Գերատեսչության տվյալներով՝ ՊՆ-ն ապացույցներ ունի:

Իրաքի քրդերը հայտարարել են, որ ՌԴ-ի ներկայացրած լուսանկարներում իրենց մեքենաներն են նավթ տեղափոխում Թուրքիա