ԱՄՆ-ն Նիդեռլանդներին խնդրել է ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին
ԱՄՆ-ի իշխանությունները Նիդեռլանդներին խնդրել են միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին։ Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բերտ Կունդերսը, տեղեկացնում է De Telegraaf-ը:
Պաշտոնյայի խոսքով՝ կառավարությունը լուրջ է վերաբերում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հնչեցրած այդ խնդրանքին, որն արվել է հեռախոսազրույցի ընթացքում:
Կունդերսը հայտնել է, որ ներկայում նպատակահարմար է «վերագնահատել» Սիրիայի տարածքում ԻՊ-ին ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը:
Նա հավելել է, որ այդ թեմայի քննարկման համար նոր հեռանկարներ են բացվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Սիրիայում Բրիտանիայի գործողությունները քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Վերջինս տպավորիչ է համարել ԻՊ-ի նավթային ռեսուրսներին հասցված ավիահարվածները։










