Սիրիայի հարցով հերթական բանակցությունները կարող են անցկացվել դեկտեմբերին` Նյու Յորքում

10:11 • 04.12.15

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը տեղեկացրել է, որ սիրիական հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների հերթական փուլը կարող է կայանալ դեկտեմբերի 18-ին` Նյու Յորքում:

 

Ինչպես հայտնում է vz.ru-ն, պաշտոնյան հավելել է, որ բանակցություններին մասնակցող երկրները սերտ համագործակցում են, որպեսզի հանդիպումը կայանա հենց Նյու Յորքում:

 

Խոսելով բուն սիրիական հակամարտության մասին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ «տեղի ունեցածը հսկայածավալ ողբերգություն է»:

 

«Սիրիայի տարածքում առնվազն 13 մլն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի։ Բացի այդ, ահաբեկչության ու ծայրահեղականության տարածումը հանգեցնում է նոր զոհերի թվի ավելացման»,-նշել է պաշտոնյան:

 

Բան Կի Մունը հույս է հայտնել, որ բանակցային գործընթացի բարեհաջող ընթացքի դեպքում արդեն 2016թ. հունվարին Սիրիայում համընդհանուր հրադադար կհաստատվի: Նրա խոսքով՝ դեպքերի նման զարգացման ֆոնին իրենք կկարողանան նոր ընտրությունների անցկացման «ճանապարհային քարտեզ» կազմել:

 

Աղբյուրը հիշեցնում է , որ Սիրիայի հարցով վերջին բանակցությունները կայացել են հոկտեմբերի 29-ին և 30-ին` Վիեննայում:

 

Սիրիայի հարցով հերթական բանակցությունները կարող են անցկացվել դեկտեմբերին` Նյու Յորքում