Եթե Թուրքիան ցանկանում է նպաստել ԼՂ խնդրի կարգավորմանը, ապա պետք է հեռու մնա գործընթացից. Տ. Բալայան
ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայտարարությանը, ասաց, որ եթե Թուրքիան իրոք ցանկանում է նպաստել խնդրի կարգավորմանը, ապա պետք է հեռու մնա բանակցային գործընթացից։
«Շարունակում ենք մնալ համոզման, որ եթե Թուրքիան ցանկանում է նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է որքան հնարավոր է հեռու մնա գործընթացից»,– ասաց Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջան այցի ընթացքում այսօր անդրադարձել էր Կովկասում խաղաղություն հաստատելու Թուրքիայի ջանքերին, նշել, թե իրենք մշտապես եղել են և լինելու են «եղբայրական Ադրբեջանի» կողքին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար կրկնել էր իր ավանդական թեզերը՝ պահանջելով դուրս գալ ազատագրված տարածքներից։
«Հայաստանին կոչ եմ անում՝ դո՛ւրս եկեք ձեզ չպատկանող հողերից ու խաղաղության գործընթաց սկսելու դեպքում կկարողանաք մասնակցել Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև ձևավորված խաղաղ և հեռանկարային միությանը»,-ասել էր նա:










