The New York Times-ը 95 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ խմբագրական սյունակով է հանդես եկել

14:05 • 05.12.15

Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը 1920 թվականից ի վեր առաջին անգամ լույս է տեսել առաջին էջում խմբագրական հոդվածով։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, հոդվածը վերնագրված է «Վերջ դնել ԱՄՆ-ում զենքի համաճարակին»։ Տեքստը նվիրված է Կալիֆորնիայի Սան Բերնարդինոյում իրականացված վերջին հարձակմանը։

 

«Հանցագործության դրդապատճառները նշանակություն չունեին Կալիֆորնիայում զոհվածների համար, նաև նրանց, ովքեր զոհվել են Կոլորադոյում, Օրեգոնում, Հարավային Կարոլինայում, Վիրջինիայում և շատ այլ վայրերում։

 

Ամերիկացիների ուշադրությունն ու զայրույթը պետք է ուղղված լինի ընտրված առաջնորդների դեմ, որոնց աշխատանքը կայանում է մեր անվտանգությունն ապահովելու մեջ»,-գրում է պարբերականը։

 

Թերթն իշխանություններին մեղադրում է երկրում զենքի արտադրությանն ու վաճառքին աջակցելու համար։

 

NYT-ը զենք գնելու հնարավորությունը համարում է բարոյական անարգանք ու ազգային ամոթ։

 

The New York Times-ի նախորդ խմբագրական սյունակը հրապարակվել էր 1920 թվականի հունիսին ու դժգոհություն էր հայտնում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ուորեն Հարդինգի առաջադրման առնչությամբ։ Հարդինգը հաղթել էր ընտրություններում ու երկիրը ղեկավարել 2 տարի՝ մինչև իր մահը։ ԱՄՆ-ի պատմության մեջ այս ղեկավարը համարվում է ամենավատը։ Նրա անունը կապված է եղել կոռուպցիոն սկանդալների և արտամուսնական բազմաթիվ կապերի հետ։

 

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 2-ին Սան Բերնարդինո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է 14 մարդ, վիրավորվել մոտ 21 մարդ:

The New York Times-ը 95 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ խմբագրական սյունակով է հանդես եկել