Դուրս հանեք. թիվ 9/11 հանձնաժողովի նախագահը հրահանգեց դուրս հանել «ՀԺ»-ի թղթակցին
Երևանի կենտրոնում` թիվ 9/11 ընտրական տեղամասում Փարաքարում գրանցված ընտրողների քվեարկության արձանագրումից հետո հանձնաժողովի նախագահը ոստիկաններին հրահանգեց ընտրական տեղամասից դուրս հանել իր լրագրողական գործունեությունն իրականացնող «Հայկական ժամանակի» թղթակից Մկրտիչ Կարապետյանին` հայտարարելով, թե վերջինս իրեն ասել է` «սուս մնա»:
«Դուրս արի, տղա ջան, դու անպարկեշտ ես պահում քեզ հանձնաժողովի նախագահի նկատմամբ, խնդրում եմ` հանել»,- դիմելով ծառայություն իրականացնող ոստիկաններին` հրահանգեց հանձնաժողովի նախագահը:
Մինչդեռ ինչպես նշում է այնտեղ գտնվող Tert.am-ի թղթակիցը` Մկրտիչ Կարապետյանը «սուս մնա» է ասել իր կողքին կանգնած օպերատորին:
Թիվ 9/11 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահը լրագրողներին հրահանգեց իր ցույց տված գծից այն կողմ չանցնել:
Միջադեպից հետո Մկրտիչ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ ընտրատեղամասում շատ տոնական մթնոլորտ է, սակայն իրենք այնպես արեցին, որ ՀՀ Նախագահի թիկնապահներն ու հանձնաժողովը «քիչ էր մնում իրար ծեծեին»։










