ԻՊ-ի ամենամսյա եկամուտը կազմում է 80 մլն դոլար. IHS
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենամսյա եկամուտը կազմում է մոտ 80 միլիոն դոլար, այդ գումարի 43 տոկոսը բաժին է հասնում նավթի վաճառքին։ Այդ տվյալներն է ներկայացրել IHS հետազոտական կենտրոնը՝ անցկացված վերլուծության արդյունքներով, գրում է РИА Новости-ն:
«IHS-ի անցկացրած բաց աղբյուրներից, այդ թվում՝ սոցիալական ցանցերից ստացված հետախուզական տվյալների վերլուծությունը վկայում է, որ «Իսլամական պետության» ընդհանուր ամսական եկամուտը 2015 թվականի վերջին կազմում է մոտ 80 միլիոն դոլար: Եկամտի մեծ մասը՝ մոտ 50 տոկոս, կազմակերպությանը բերում են գրավված տարածքներում առևտրային գործունեության համար հարկերը և հողի ու սեփականության առգրավումը, իսկ 43 տոկոսը՝ նավթի վաճառքի եկամուտները»,- հայտնել են կենտրոնից։
Մնացած մասը բաժին է ընկնում թմրավաճառությանը, պատմական արժեքների անօրինական վաճառքին, էլեկտրաէներգիայի մատակարարումներին և նվիրատվություններին։










