Ֆրանկֆուրտ-Բելգրադ չվերթի ժամանակ ուղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը
Lufthansa ավիաընկերության ինքնաթիռի ուղևորը Ֆրանկֆուրտ-Բելգրադ չվերթի ժամանակ ձերբակալվել է, երբ փորձել է բացել ինքնաթիռի դուռն անմիջապես թռիչքի ժամանակ, գրում է Интерфакс-ը:
Անհաջող փորձերից հետո ուղևորը սկսել է հարվածել օդաչուների դռանը, սակայն բռնվել է այլ ուղևորների կողմից, որոնց թվում եղել են Սերբիայի հանդբոլի հավաքականի խաղացողները:
Ընկերության մամուլի խոսնակ Անդրեաս Բարտելսը հայտնել է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Բելգրադում, իսկ ուղևորը հանձնվել է տեղի իշխանություններին:
Հաղորդվում է, որ իրավախախտն ամերիկյան անձնագրով հորդանանցի է։ Սերբիայի դատախազը հանձնարարել է կալանավորել նրան 48 ժամով:
Սերբիայի հանդբոլի հավաքականի նախագահ Միլան Ջուկիչը հայտնել է, որ մինչ թռիչքի ավարտը կասկածյալին պահել են հսկողության տակ՝ դատարկ բիզնես դասում:










